ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր ամփոփելով 2011-ը՝ սկսեց նրանից, որ Դաշնակցությունն անցած տարում սոցիալ-տնտեսական բնույթի բազմաթիվ առաջարկություններով է հանդես եկել: Նա շեշտեց կենսապահովման նվազագույն զամբյուղին առնչվող քննարկումները, կարծիք հայտնելով, որ օրենքը կա, բայց այն չի գործում: «Կառավարությունը պարտավոր էր ներկայացնել կենսապահովման նվազագույն զամբյուղի կառուցվածքը եւ դրան համապատասխան բյուջե որոշել, բայց դա չարեց, մենք ենք արել: Պետք է կազմեր մեկ շնչի համար մոտ 65 հազար դրամ»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Նա շեշտեց նաեւ աշխատավարձի նվազագույն շեմը բարձրացնելու իրենց առաջարկի մասին, որի գաղափարն ընդունվեց, տարբեր հայտարարություններ արվեցին, բայց քվեարկությունը բացասական արդյունք արձանագրեց:
Պատգամավորի խոսքով, ընդդիմությունը խորհրդարանում պետք է ունենա առնվազն նվազագույն շեմին համապատասխան ներկայություն. «Որը մենք չենք ունեցել, փաստորեն 1/5-րդ չկա, եթե եկող խորհրդարանում էլ այդպիսի վիճակ լինի, ընդդիմությունը պետք է մտածի ընդհանրապես ինչպես է մասնակցելու այդ խորհրդարանի գործունեությանը»:
Կարդացեք նաև
Ըստ նրա` այս անգամ էլ իշխանությունը մենաշնորհելու է մեծամասնական ընտրակարգով բոլոր պատգամավորական տեղերը: «Փաստորեն, ընտրությունները դեռ չսկսած, իշխանությունն իր գրպանում արդեն 41 մանդատ ունի: Ավելի լավ է` թող այնտեղ աճուրդ հայտարարեն, իսկ հանգանակած գումարն օգտագործեն համայնքի կարիքների համար», – նշեց Ա. Ռուստամյանը` շեշտելով, որ ՀՅԴ-ն արդեն մի քանի տարի պայքարում է 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու համար: