Դեկտեմբերի 27-ին Իջեւանի ոստիկանությունը ձերբակալել է Իջեւան քաղաքի բնակիչներ, եղբայրներ Հովիկ, Շեկո Խեչյաններին եւ նրանց հորեղբոր որդի Վարդանին: 22-ամյա Հովիկ Խեչյանը Իջեւանի ավագանու անդամ է, 2011 թվականի մայիսի 29-ին կայացած Իջեւանի ավագանու ընտրություններում նա ամենաշատ ձայներն էր ստացել: Խեչյանները ձերբակալվել են այս տարվա հուլիսին Իջեւանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Իջեւանի «Արտեմիս» ռեստորանում, կերուխումի ժամանակ քեֆի մասնակիցներից մեկը մատուցողուհու նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել, որի պատճառով իջեւանցիների եւ դիլիջանցիների միջեւ վեճ, ծեծկռտուք էր ծագել: Դրանից հետո դիլիջանցիները, «օժանդակ ուժերով», բազմաթիվ ավտոմեքենաներով ժամանել էին Իջեւան, կրակոցներ արձակել, որին ի պատասխան՝ Իջեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի մեկից նրանց ուղղությամբ որսորդական հրացանից կրակոց էր արձակվել : Այս կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով քրեական գործ է հարուցված՝ «Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»: Պատիժը՝ մինչեւ 7 տարի ազատազրկում.
Նշված դեպքերի ակտիվ մասնակից, ատրճանակից բազմաթիվ կրակոցներ արձակած դիլիջանցի «հեղինակություն» Նավասարդ Աբգարյանն այժմ հետախուզման մեջ է: Մեր տվյալով` քննչական գլխավոր վարչությունը, գլխավոր դատախազությունը, ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը սույն գործով քննություն են կատարել, սակայն չեն հասել շոշափելի արդյունքների:
Իջեւանի ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը հրաժարվեց Խեչյանների ձերբակալման կապակցությամբ որեւէ տեղեկատվություն տալ: Դեկտեմբերի 30-ին լրանում է Խեչյանների ձերբակալման 72 ժամը, որից հետո նրանք կամ ազատ կարձակվեն, կամ էլ կկալանավորվեն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ