Լրահոս
Օրվա լրահոսը

«3D» danse-ը թյուրընկալումների տեղիք է տվել

Դեկտեմբեր 28,2011 13:23

Պարզաբանում է Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը

«Առավոտը» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ հանդիպման երկու առիթ ուներ. վերջերս կայացած «3D» բալետի երեկոն, որի անվանումը մինչ օրս կուլիսային քննարկումների առիթ է դարձել եւ թատրոնի բալետային խմբի երկարաժամկետ հյուրախաղերը արեւմտյան երկրներ: Մենք «3D»-ին անդրադարձել ենք՝ թերթում զետեղելով հայտագիրը, որի վրա գրված է. «3D» դար եւ «3D» danse:

Մեզ հետ զրույցում Կ. Հովհաննիսյանը պարզաբանեց. «3D» բալետային գալա համերգի նպատակն էր ծանոթացնել հայ հանդիսատեսին համաշխարհային բալետային արվեստի զարգացման երեք՝ 19, 20 եւ 21-րդ դարերի երեք հիմնական ուղղություններին՝ ռոմանտիզմ, դասական եւ ժամանակակից»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ խնդիր էր դրված պարի ու շարժումների միջոցով արթնացնել տվյալ դարաշրջանի հոգին՝ ստեղծելով համապատասխան հոգեւոր միջավայր: Ասաց նաեւ, որ կայացած երեկոյից հետո շնորհավորանքներ է ստացել ու նշել են, թե բեմի վրա «մարմնի լեզվով» ներկայացվել է ռոմանտիզմի շրջանին բնորոշ նրբագեղությունն ու եթերայնությունը, դասական բալետին բնորոշ զգացմունքայնությունն ու գեղեցկությունը, ժամանակակից պարի ռիթմն ու դինամիկան: Մինչդեռ մեզ հետ զրուցած հանդիսականի, այդ թվում, ցավոք, նաեւ որոշ մասնագետների մոտ շփոթություն էր առաջացրել «3D» անվանումը: Պարզվեց, որ նրանք դա շփոթել են ֆիլմերի ցուցադրման եռաչափ հնարքի հետ:

Ինչ վերաբերում է թատրոնի բալետային խմբի երկարաժամկետ հյուրախաղերին, տեղեկացնենք, որ խորհրդային տարիներին է եղել միայն մեկամսյա համերգային ուղեւորություն Արգենտինա եւ Մեքսիկա, իսկ կարճաժամկետ (հիմնականում՝ մենապարողների կազմով)՝ նախկինում բալետի հայ արտիստները ներկայացել են Ալժիրում, Թունիսում, Լեհաստանում եւ այլուր: Վերջին շրջանում մեր բալետային արվեստին ծանոթացել են Թուրքիայում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Ռուսաստանում, Սիրիայում, Ուկրաինայում: Կ. Հովհաննիսյանը հաստատելով, որ բալետային խումբն ունի հրավեր, հայտնեց հետեւյալը. «Հյուրախաղերը նախատեսվում են փետրվարի 10-ից, երկու ամիս ժամկետով՝ Ֆրանսիա եւ հարակից երկրներ: Առհասարակ, բալետային երկարաժամկետ հյուրախաղերը եզակի դեպքեր են աշխարհում: Դժվար է լինելու մեր պարողների համար, որովհետեւ նախատեսված է «Սպարտակի» շուրջ 50 ներկայացում: Սակայն այս հարցը դեռ քննարկման փուլում է, փոխհամաձայնության դեպքում կկնքվի պայմանագիր»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031