Եթե փորձեինք Նոր տարվա տոնածառից կախել բոլոր հայկական բացասական հատկությունները, այն կճկվեր եւ կկոտրվեր: Դժվար թե այդ «զարդարուն» տոնածառից ավելի այլանդակ բան հնարավոր լիներ գտնել: Նախանձկոտություն, ցուցամոլություն, բամբասկոտություն եւ այլն:
Սրանցից վերջինը՝ բամբասելը, կարելի է ասել, հայերի կողմից մշակված ԶԼՄ-ների միջոց է: Ով ինչ գնահատական ստացավ, ինչքան փող վաստակեց, երբ տուն եկավ եւ նման հարցերը ԶԼՄ-ների այս ճյուղի հիմնական բաղադրիչներից են: Բամբասանքի յուրաքանչյուր վարպետի համար հարեւանի տանը կատարվածի չիմանալը հավասարազոր է առաջին դասարանցու՝ այբբենարանը չիմանալուն:
Յուրաքանչյուր թաղամաս ունի իր մասնագետը, որը պատասխանատու է լուրերի հավաքման, խմբագրման եւ տարածման համար: ԶԼՄ-ների այս ճյուղն աչքի է ընկնում հարյուր տոկոսանոց խոսքի ազատությամբ. հեղինակին ոչ կարելի է արգելել լուրը տարածել, ոչ էլ նույնիսկ ապացուցել, որ գրողը հենց ինքն է: Ի դեպ՝ զրպարտությունները ոչ մի դեպքում, անգամ ապացույցներ ունենալու պարագայում, հերքելն անհնար է: Նման դեպքերում ուրիշների կյանքով ապրող լսարանը բավականին ազդեցիկ ասացվածք ունի. «Առանց կրակ ծուխ չի լինում»:
Լուրերի հիմնական աղբյուրները երկուսն են՝ որեւէ տեղ կիսատ-պռատ լսած խոսակցությունը եւ սեփական երեւակայությունը: Տարածման միջոցներն են միջին տարիքի թղթակիցների համար սուրճի սեղանի շուրջ զրուցելը, իսկ մեծահասակների համար՝ բակի տաղավարային քննարկումները: Քանի որ համալսարաններում լրագրության այս ոլորտի համար հատուկ ֆակուլտետներ չկան, ավելի քան կարեւոր է դառնում բնատուր տաղանդը: Այստեղ են ասել՝ «լրագրող ծնվում են, ոչ թե դառնում»: Մասնագիտության հիմնական թերությունը ֆինանսական կողմն է. աշխատակիցները տարիներ շարունակ ոչ մի կոպեկ չեն վաստակում: Կան նաեւ որոշ դժվարություններ ասեկոսեների ճշմարտացիությունը ստուգելու հարցում: Պարզվում է մենք՝ հայերս, այնպիսի ազգ ենք, որ չենք սիրում, երբ մեր անձնական կյանքի մանրամասները հայտնի են դառնում ուրիշներին: Իսկական մասնագետը, սակայն, երբեք չի բողոքում, այլ փնտրում է տեղեկատվություն հայթայթելու այլ միջոցներ:
Աշխարհի բոլոր մյուս մասնագիտությունների համեմատ բամբասկոտությունը ունի անհերքելի առավելություն. այստեղ աշխատում են իսկական նվիրյալներ:
ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
3-րդ կուրս
«Առավոտ» օրաթերթ