Ես կես ժամով հրաշագործ եմ ու կես ժամով ամեն մի շշուկ, ամեն մի ձայն, ամեն մի բաբախյուն, ամեն մի չրըխկ-թրըխկոց լսելու հնարավորություն եմ տալիս: Հիշե՜ք, ընդամենը կես ժամով, որովհետեւ ես էլ կես ժամ ունեմ:
Լսո՞ւմ եք եղջերուների վարգը: Ձմեռ պապն է գալիս, այո՜, այո՜, Ձմեռ պապը, բայց այս անգամ իրականը: Տեսնելու ենք Ձմեռ պապին, պատկերացնո՞ւմ եք: Սաթինե Անդրեասյանը նամակ է գրել Ձմեռ պապին, ու թե ոնց է եղել՝ նամակը հասել է նրան: Ձմեռ պապն էլ կարդացել ու հուզվել է, հպարտացել Սաթինեով: Վերջապես մեկը, ով ցանկացել է անշահախնդրորեն տեսնել իրեն՝ աշխարհի ամենահարուստ բարի պապիկին: Վերջապես մեկը, ով iPhone-Ipade չի ուզել, notebook չի ուզել, «Պորշ-Նիսսան» չի ուզել: Ուրախությունից գժվել է Ձմեռ պապն ու անմիջապես ճանապարհ ընկել:
Իսկ մտածե՞լ եք, թե ինչու է Ձմեռ պապն ամեն տարի անտեսանելիորեն եկել, նվիրել ու գնացել: Իսկ երբեւէ մեկը մտածե՞լ է տեսնել նրան, հրավիրել տուն, հյուրասիրել: Ձմեռ պապի գոյությանը չենք հավատացել, բայց միշտ նվերներ ենք խնդրել: Ձմեռ պապն էլ նեղացած, բայց մարդասիրությունից դրդված՝ եկել, ձեր խնդրանքը կատարել ու հեռացել է: Իսկ տեսնես Ձմեռ պապը ամանորյա ցանկություններ ունի՞: Իսկ Ձմեռ պապին ո՞վ է ամանորյա նվեր տալիս: Սաթինե՜ Անդրեասյան, Ձմեռ պապը ցանկությունդ կարդացել, գալիս է, մի նվե՜ր պատրաստիր:
Լսո՞ւմ եք անտառի տխրությունը: Անտառը բանակ է ուղարկում եղեւնի որդիներին:
Լսո՞ւմ եք սրտերի բաբախոցները: Հազարավոր հիվանդներ Նոր տարվա հրաշքի են սպասում, նրանց սրտերը գոնե Նոր տարուն բաբախելու հրաշքի են սպասում:
Լսո՞ւմ եք մեղմ ձայնը: Ուշադի՜ր, չափից դուրս մեղմ ձայնը: Փաթիլներն են զրուցում հենց Նոր տարուն երկնքից թափվելու ու համայն աշխարհը սպիտակ հեքիաթ դարձնելու մասին:
Լսո՞ւմ եք շշուկները, ցանկությունները հարյուր հազարավոր մանուկների:
Լսո՞ւմ եք բողոքները, ամանորյա դժգոհ ձայները մարդկանց:
Լսո՞ւմ եք չրըխկ-թրըխկոցները, տանտիրուհիների հոգեպահուստների լույս աշխարհ գալու չրըխկ-թրըխկոցները:
Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք ձայները:
Լսո՞ւմ եք ինձ:
Վերջ՝ էլ հրաշագործ չեմ:
ՀԱՍՄԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ
Միջազգային լրագրություն, մագիստրատուրա, 1-ին կուրս
«Առավոտ» օրաթերթ