Հայտնվեցի Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանում՝ մի ցուրտ ու գորշ օր էր, շուրջս էլ՝ անշուք: Անհամեստ չեմ, խոստովանում եմ՝ ես էլ զարմացա, օրերս հաշված էին, պետք է հայտնվեի աղբամանում, բայց արիուտես բանավանի այգիներից մեկի կենտրոնում եմ: Իմացա՝ ես պետք է դառնամ այստեղի Ամանորի խորհրդանիշը: Տեսքիցս ամաչեցի, ուզում էի համոզել, ախր ես ի՞նչ Նոր տարվա խաչհրդանիշ՝ գզգզված եմ, փոքր ու անշուք, ամո՞թ չէ: Հասկացա՝ բանավանի ղեկավարությունը թքած ունի դրա վրա, աչքակապությամբ է զբաղվում. «էնքան որ մի բան դնենք՝ տոնածառի նման, մեղք են, թող ուրախանան, էսքան ժամանակ էտ էլ չի էղել ստեղ, թող գոհ մնան, որ էս էլ կա»,-այդպես մտածեցին ինձ «դնողները»: Ինչպես հասկացա, բնակավայրի համատիրությունից էին: Մտածեցի՝ մի երկու խաղալիք ու շղթա կավելացնեն, մարդամեջ դուրս գալու «ապրանք» կդառնամ, հետո էլ իմացա՝ որոշել են ամսի 31-ին նոր զարդարել՝ մի քանի խաղալիք կախել ու միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ-ընտանիքների երեխաներին նվերներ բաժանել: Իսկ մինչ այդ՝ ստիպված եմ կուլ տալ կողքովս անցնողների ծաղրն ու նաեւ զայրույթը. «Որ մինչեւ հիմա տոնածառ չի եղել, նոր տարի չե՞նք արել»,«մտածում են՝ չտես ենք, բան չենք հասկանում, մի փոքր բան անելուց էլ պիտի ուրախությունից մեռնենք», «ձեռ են առնում, էս տոնածա՞ռ ա, որ դրել են», «էս մեր համար շատ էլ ա, որ էս օրին ենք հասել»,- ասում են զայրացողները, իսկ ծիծաղողներն էլ արդեն երգ են հորինել «անձիս» մասին. «Տոնածառ ջան, տոնածառ, ինչ չխմազ ես ու էլ չգիտեմ ինչ…»: