Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ՝ իմ ու քո անել դասական արվեստի շուկայում

Դեկտեմբեր 28,2011 13:14

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ Երիտասարդական նվագախմբի մասին եւ ոչ միայն

«Առավոտը» Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին խնդրեց ամփոփել տարին եւ թվարկել ամենանշանակալի իրադարձությունները: Ս. Սմբատյանը կարեւորեց հատկապես իրենց ձայնասկավառակի թողարկումը Sony ֆիրմայի կողմից: «Դա համարում եմ մեծ հաջողություն, երաժշտությունը կենդանի ձայնագրվել է Բեռլինում, որն ավելի է արժեւորում այդ ձայնագրությունը: Կատարել ենք Չայկովսկի, Հայրապետյան եւ Շոստակովիչ, ինչը հայկական եւ ռուսական դպրոցների հետաքրքիր համադրություն է: Ի դեպ, Հայաստանում առաջին դեպքն է, երբ Sony-ի կողմից ինչ-որ բան է թողարկվում: Մենք ունեցել ենք փայլուն համերգաշար Եվրոպայում ու լայն արձագանքների արժանացել: Ուրախալի է փաստել՝ մարդիկ, որ նախկինում Հայաստանի անունը լսել էին այլ առիթներով, եվրոպական համերգաշարի արդյունքում Հայաստանն այլ տեսանկյունից էլ «դիտեցին»: Կարծում եմ՝ այդ հաղթանակը ոչ միայն մեր կոլեկտիվինն է, այլեւ ընդհանուր գաղափարի հաղթանակն է»,- ասում է Երիտասարդականի գեղարվեստական ղեկավարը: Նա նեղսրտում է, որ հաճախ են անպտուղ քննադատություններ հնչում դասական արվեստի ոլորտի, դատարկ դահլիճների վերաբերյալ ու առաջարկում է իր «դեղատոմսը». «Նույն զբաղմունքի տեր մարդիկ պետք է գիտակցեն, որ ունեն նույն շահերը, հաջողություններն ու ձախողումներն էլ ընդհանուր են: Ես հաճախ ունենում եմ խնդիրներ հատկապես իմ ավագ կոլեգաների հետ, որոնք չեն ուզում հասկանալ՝ ինչո՞ւ է իրենց համերգներին դահլիճը դատարկ, մեր համերգներին՝ լիքը: Ես ասում եմ, եթե դահլիճը լեփ-լեցուն է իմ համերգին եւ դատարկ՝ քո համերգին, կարող է լինել նաեւ հակառակը: Կարեւորն այն է, որ դասական երաժշտության թեկուզ մեկ ունկնդիր չկորցնենք, ու նա հիասթափված գնա ինչ-որ «չիկ»-ի համերգի: Դասական արվեստի շուկան պետք չէ կիսել, իմ ու քո անել, եթե կիսել՝ ապա միայն՝ ըստ որակավորումների»:

Սերգեյ Սմբատյանին խնդրեցինք տեղեկացնել, թե ինչո՞վ կնշանավորվի 2012-ի հունվարը Երիտասարդական նվագախմբի համար: Նա ասաց, որ հունվարի 26-ին կկայանա ոչ միայն իրենց ձայնասկավառակի շնորհանդեսը, այլեւ համերգ, որին կմասնակցի Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Ռոման Սիմովիչը: Վերջինս կկատարի գործեր, որոնք առաջին անգամ են հնչելու Հայաստանում: «Ընդհանրապես Երիտասարդական նվագախումբը շատ է անում պրեմիերաներ: Ռեպերտուարի առումով Հայաստանում շատ քիչ գործ է կատարվել, այնպես որ, պետք չէ դժգոհել, թե մարդիկ քիչ են գալիս համերգի: Գուցե ծրագի՞րը մարդկանց դուր չի գալիս: Օրինակ՝ Երիտասարդականը համերգներ է ունեցել պուրակներում, Հյուսիսային պողոտայում, ամեն տեղ… Ինչ վերաբերում է մեր վերջին համերգին, այն հայ էստրադայի աստղերի հետ էր: Կատարվեցին Բաբաջանյանի հանրահայտ ստեղծագործությունները: Ունկնդիրների թվում մոտ 1000 հոգի, որ երբեւէ չէր եղել մեր համերգներին, այդ պոպուլյար համերգից հետո ասաց, որ մյուս համերգներին էլ հաստատ կգա»,- նշեց մեր զրուցակիցը:

Երաժշտից պարզեցինք, որ Ամանորը դիմավորելու է ընտանիքի հետ: «Տարվա ընթացքում շատ եմ ճամփորդում, ինձ համար Նոր տարին լավ առիթ է, որ ընտանիքով հավաքվենք»,- ասաց նա: Նաեւ ցանկացավ, որ, իր ձեւակերպմամբ, ամեն ինչի դեկորատիվությունը վերանա, մարդիկ միմյանց սրտանց շնորհավորեն եւ իրականանալի բաներ մաղթեն. «Սպիտակ էներգիան շատ լինի հասարակության մեջ ու թույլ չտա սեւ էներգիային վարակել: Իսկ սպիտակ էներգիայի հիմքը լավատեսությունն է, երջանկությունը, բավարարվածությունը: Ի դեպ, երբ ասում ենք էլիտա, նկատի ունենք կայացած մարդկանցից բաղկացած ուժեղ հասարակությունը: Իսկ կայացածությունը պարտադիր չէ, որ լինի ֆինանսապես: Ես բախտավոր եմ, որ ճանաչում եմ այնպիսի արվեստագետների, որոնք չունեն ֆինանսական մեծ հնարավորություններ, բայց կայացած են, երջանիկ, հավատում են իրենց արած գործին, բավարարված են»: Երբեւէ ստացած ամենատպավորիչ նվերը Սերգեյ Սմբատյանը համարում է տատիկի՝ Տատյանա Բագրատովնայի ջութակը. «2006 թվականին ես մեկնում էի մրցույթի, եւ տատիկս, որը նույնպես ջութակահար է, Չայկովսկու անվան դպրոցի հիմնադիրներից, նվիրեց իր ջութակը: Դա ինձ շատ ոգեւորեց, ուրիշ զգացողություն ունեցա, մտածելով, որ տատիկս այն մարդն է, որը կրթել է շատ սերունդների, իր աշակերտները լավագույն ջութակահարներն են ու հիմա նա իր գործիքը նվիրում է ինձ: Հենց այդ ջութակն էլ ինձ մղեց առաջ»:

Հետաքրքրվեցինք՝ հավատո՞ւմ է հորոսկոպներին: Ս. Սմբատյանը նշեց, որ հատուկ համացանցում չի փնտրել, թե ինչ է իր համար կանխորոշել Վիշապի տարին, ապա հավելեց. «Հավատում եմ աստղերին, էներգիային՝ եթե դա հորոսկոպ է, ուրեմն հավատում եմ: Վստահ եմ, որ մարդ ծնվելիս էներգիայով է օժտվում, որը իր ողջ կյանքում կրում է»: Ինչ վերաբերում է Ամանորի առիթով ճոխ սեղանների հայաստանյան մրցավազքին, Ս. Սմբատյանը դրան վատ չի նայում. «Նույն բանը կատարվում է Մոսկվայում, Բելգիայում, մեկ ուրիշ տեղ, գուցե ոչ նոր տարուն, այլ, ասենք, Գոհաբանության օրը…եթե մարդը հավատում է, որ առատ սեղանով իր գալիք տարին առատ ու բարեբեր կլինի, ուրեմն այդ սնահավատությունը իրեն պետք է»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031