Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ նամակը Ձմեռ պապին

Դեկտեմբեր 28,2011 13:10

Ասում են՝ Նոր տարուն բոլոր երազանքներն իրականանում են: Ասում են՝ Նոր տարուն բոլոր աստղերը ցած են իջնում. կարող ես աչուկներդ փակել ու անրջել, անրջել, անրջել: Ինձ ասել են՝ աստղեր չես իջեցնի եւ Ձմեռ պապիկին էլ չես հանդիպի:

Ձմե՜ռ պապ, հայտնվի՜ր: Չէ՞ որ դու կաս, խնդրում եմ, հայտնվի՜ր: Ես ընդամենը մանդարիններ ու, եթե կարելի է, նարինջներ կուզեի:

Նոր տարին ամեն ինչի սկիզբն է: Այդ օրը թողնում ենք ամեն մի վատ բան հետեւում եւ ամեն ինչ սկսում նոր էջից: Բոլորն էլ դա յուրովի են անում: Մեկը բաղնիք է գնում, մյուսը գուլպաներն է փոխում, մեկը առաջին անգամ շրջազգեստ է հագնում, իսկ մյուսն էլ հին իրերը պարզապես պատուհանից դուրս է շպրտում:

Իսկ ի վերջո մենք բոլորս ի՞նչ ենք ցանկանում Նոր տարուն:

Լսենք՝

«Սիրելի՝ Ձմեռ պապ, ես այնքա՛ն շատ եմ աշխատանք ուզում. չեմ ուզում կախված լինել ինչ-որ մեկից: Միգուցե դո՞ւ կարողանաս աշխատանք գտնել ինձ համար»:

«Բարեւ, Սանտա, գիտես, ես շատ եմ մտածել ու որոշել. ուզում եմ հայտնվի «Փոքրիկ իշխանը», եւ որ մարդիկ գոնե մի փոքր նմանվեն նրան: Կարծում եմ՝ այդժամ այս խրթին աշխարհում ինչ-որ բան դեպի լավը կփոխվի: Մտածի՜ր խնդրանքիս մասին: Կարծում եմ՝ կհամաձայնես ինձ հետ, իսկ թե ոչ, ես ոչինչ չեմ ուզում»:

«Չգիտեմ՝ դու գոյություն ունես, թե ոչ, բայց տու՜ր ինձ հավատ, հավատ առ ինձ, քո հրաշքների: Գիտես, նայում եմ պատուհանից եւ մտածում, թե ինչքա՛ն գորշ է ամենը, ինչքա՛ն սեւ ու սպիտակ: Իսկ դու կարո՞ղ ես գունազարդել, դարձնել երփներանգ»:

«Սանտա՜, անունս Բախաթի է (աֆրիկյան անուն է, նշանակում է հաջողակ): Եթե բախտս բերի, կուզեի ձյուն տեսնել, խաղալ, փաթիլներ կուլ տալ»:

«Գիտես, Ձմե՜ռ պապ, անցյալ տարի ես քնով անցա եւ չկարողացա ողջունել քեզ: Այս տարի մի քիչ երկա՜ր մնա: Ախր կարող ես, չէ՞»:

«Բարեւ, Սանտա՜: Ես կուզեի իմանալ, թե ինչպես են մեր ցանկությունները քեզ հասնում: Դու, ինչ է, հետեւո՞ւմ ես մեզ: Ինչո՞ւ դու ինձ միշտ նվիրում ես այն, ինչ ծնողներիցս եմ խնդրում»:

«Սանտա՜, այս տարի կուզեի ինքնուրույն լողալ սովորել, առանց մայրիկի օգնության»:

«Ձմե՜ռ պապ, այս Նոր տարուն ես առաջին անգամ կհամբուրվեմ: Խնդրում եմ, այնպես արա, որ ես խայտառակ չլինեմ»:

Յուրաքանչյուրը գրում է իր ցանկությունների մասին՝ հավատալով հրաշքների: Իսկ ո՞րն է հրաշքը: Իսկ երբեւէ չե՞ք մտածել, որ այդ հրաշքը հենց Ձմեռ պապն է: Ավելի լավ է խնդրեք, որ Ձմեռ պապը միշտ լինի:

Եվ ես կուզեի ավելացնել. «Սիրելի՜ Ձմեռ պապ, կատարի՜ր խնդրանքս, հայտնվի՜ր»:

ՍԱԹԻՆԵ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Միջազգային լրագրություն, մագիստրատուրա, առաջին կուրս

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031