Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի վերելակները վտանգավոր են

Դեկտեմբեր 28,2011 13:04

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը դժգոհ է համատիրություններից, համատիրությունները՝ բնակիչներից, բնակիչները՝ բոլորից

Կապանի վերելակների հիմնական մասը վաղուց ապրել է իր դարը, հին սարքավորումներով շարունակում են աշխատել մինչեւ օրս՝ առանց համապատասխան թույլտվության: Պատասխանատուները ահազանգում են, որ շահագործվող վերելակները անվտանգ չեն մարդկանց կյանքի համար, փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանք ենթակա չեն շահագործման եւ խիստ անթույլատրելի է դրանց շահագործումը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետ Աշոտ Պետրոսյանը Կապան կատարած այցի ժամանակ նշել էր, որ մարզկենտրոնում գրանցված 146 վերելակների 90 տոկոսը փորձաքննության արդյունքում ստացել է բացասական եզրակացություն եւ, համապատասխանաբար, շահագործման թույլտվություն չունեն: «Վերելակներն աննախանձելի վիճակում են գտնվում ողջ հանրապետությունում: Առավել անմխիթար վիճակում են գտնվում Կապանի, Վանաձորի, Չարենցավանի եւ Աբովյանի վերելակները: Դժբախտ դեպքերից խուսափելու համար քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի շահագործման թույլտվություն չունեցող վերելակները այսուհետեւ  հոսանքազրկվեն: Առայժմ միայն մայրաքաղաքի համար ենք նման միջոցառում նախատեսում, որից հետո արդեն փորձը կկիրառվի նաեւ մարզերում»,- ասել է պարոն Պետրոսյանը, զգուշացնելով, որ շահագործվող վերելակների պատերին երեւացող հատվածներում անպայման պետք է փակցված լինի համապատասխան փորձաքննությունն անցած եւ շահագործման թույլտվությունը հավաստող փաստաթուղթ:

Իսկ ահա «Կապանի վերելակային տնտեսություն» ՍՊԸ տնօրեն Հուսիկ Հայրապետյանը դժգոհում է համատիրություններից: Վերելակների սեփականատերերը ոչ միայն չեն աջակցում, այլեւ խուսափում են պատասխանատվությունից: «Մեզ ոչ մեկը չի աջակցում, մեր միակ ֆինանսական աղբյուրը քաղաքապետարանն է: 157 վերելակներից միայն 120-ն է աշխատում, մնացած 37-ը տարիներ ի վեր չեն աշխատել: Քաղաքապետարանի միջոցներով նախատեսվում է դրանց մի մասը նորոգել: Բայց, ընդհանուր առմամբ, վերելակների վիճակը վատ է: Չկան մեխանիզմներ, կցված մեխանիկներ, դիսպետչերներ, չկա բյուջե: Օրենքի համաձայն՝ վերելակները համարվում են համատիրությունների, շենքերի բնակիչների սեփականությունը, իրենք էլ պետք է աջակցեն: Բայց համատիրությունների գործունեության մասին խոսելն ավելորդ է, դրանք մենակ չեկ տպելու համար են, ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեն: Բազմիցս եմ փորձել պայմանագրեր կնքել համատիրությունների հետ, բայց հրաժարվել են: Նույնիսկ ԱԺ ենք դիմել: Պատասխանել են, որ վերելակների պահպանումն ու շահագործումը համայնքը պետք է իրականացնի, քանի որ համատիրությունները չեն գործում»,- «Առավոտի» հետ ունեցած զրույցում նշել է Հուսիկ Հայրապետյանը:

Համատիրություններն էլ իրենց հերթին դժգոհում են, որ բնակիչները գումարները չեն վճարում համատիրությանը եւ համապատասխան միջոցներ չունեն աջակցելու, հավաքված գումարն էլ հազիվ աշխատողների աշխատավարձին է բավականացնում: Բնակիչներն էլ վաղուց են իրենց վստահությունը կորցրել այս կառույցների հանդեպ, եւ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են, որ համատիրությունները բնակիչների համար ոչինչ չեն անում, դրա համար էլ անիմաստ են համարում համատիրություններին գումար տալը, անհրաժեշտության դեպքում՝ վերելակները փչանալիս, բնակիչներն իրենք են իրենց ջանքերով գումար հավաքում ու նորոգում՝ առանց համատիրությունների օգնության:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031