Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանի հետ խոսում են փաստերով

Դեկտեմբեր 28,2011 12:52

Նախօրեին ՀՀ նախագահի նստավայրի առաջ ընդդեմ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի բողոքի ցույցի դուրս եկած «Նորաշեն-2007» կոոպերատիվի խաբված բնակիչներին պարզապես հունից հանել էր տիկին Նաղդալյանի՝ այդ օրվա ելույթը՝ մամուլով: Հ. Նաղդալյանի այն պարզաբանմանը, թե որեւէ հաստատող փաստարկ գոյություն չունի, որը կապացուցի իր ամուսնու՝ տոկոսով գումար տալու փաստը, եւ որ ցույցի դուրս եկած մարդիկ իր հետ կապ չունեն, բնակիչները մի շարք փաստեր ներկայացրին՝ ասելով. «Հո մենք գիժ չենք, որ նրա հետ կապ չունենանք ու նրա դեմ ցույց անենք: Մենք խոսում ենք հստակ փաստերով, մինչդեռ նա ոչ մի փաստ չի ներկայացնում»: Բնակիչները մեկ առ մեկ թվարկեցին այն բոլոր ապացույցները, որոնք առկա են ՀՔԾ-ի կողմից քննվող գործում:

Ըստ նրանց՝ «1. «Նորաշեն-2007» կոոպերատիվի ղեկավարներ Արմեն Թադեւոսյանն ու Լուսաբեկ Սամվելյանը ՀՔԾ-ում տված իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանից վերցրել են $300 հազար ամսական 5%-ով գումար եւ գրավադրել են 14 բնակարան: Նրանք իրենց ցուցմունքներում, ի թիվս Դ. Բեգլարյանի, մոտ 20 այլ անձանց էլ են մատնանշել, որոնք տոկոսով գումարի դիմաց տուն են գրավադրել: Այդ բոլոր մարդկանց, բացի Բեգլարյանից, ՀՔԾ-ն ճանաչել է վաշխառու:

2. Նույն Ա. Թադեւոսյանի ու Լ. Սամվելյանի աշխատանքային ցուցակում, որը քրեական գործով ճանաչվել է ապացուցողական նյութ, Դավիթ Բեգլարյանի անունը զբաղեցնում է մեջտեղի տողերում: Այդ ցուցակում հստակ նշված է, թե ով քանի տոկոսով, որքան գումար է տվել կոոպերատիվի ղեկավարներին: Բացի Դ. Բեգլարյանից, այդ ցուցակի բոլոր անձինք ճանաչվել են վաշխառու, ի՞նչ է, ցուցակը ճիշտ է 20 անձի մասով եւ միայն պարոն Բեգլարյանի մասո՞վ է «սարքած», այն դեպքում, որ նրա անունը ոչ թե ցուցակի վերջում է գրված, որ մտածեն միտումնավոր ավելացված է, այլ մեջտեղում: 3. Մեջբերում ենք Դավիթ Բեգլարյանի՝ ՀՔԾ-ին տված 10.05.

2011թ.-ի ցուցմունքից, որտեղ նա խոստովանում է, որ տները գնել է հետ վերադարձնելու պայմանով՝ որ կստանա 20-25% ավելի վճարած գումարից. «Ես համաձայնեցի նրանց առաջարկին, միայն ասացի, որ բնակարանները նրանց  ետ վաճառելու դեպքում ինձ պետք է վճարեն իմ վճարած գումարից 20-ից 25% ավելին….»: 4. Մեր ձեռքի տակ է Ա. Թադեւոսյանի եւ Դ. Բեգլարյանի առերես հարցաքննությունը, որտեղ Ա. Թադեւոսյանը առերես պնդում է, որ $300 հազար է վերցրել Դ. Բեգլարյանից, ամսական 5%-ով, իսկ Դ. Բեգլարյանը նշում է, որ ձեռք է բերել 14 բնակարան՝ քմ-ն $260-ով, բայց պայմանով, որ հետագայում այդ բնակարանները պետք է ետ վերադարձնի քմ-ն $350-ով: 5. ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը եւ քննիչ Վաղինակ Ջանազյանը բազմիցս մեզ հայտարարել են, որ ապացուցվել է Դ. Բեգլարյանի կողմից ամսական 5 տոկոսով գումար տալու փաստը: Եվ նրանց խոսքերի ապացույցն էր այս տարվա նոյեմբերի 11-ի Վ. Ջանազյանի կայացրած որոշումը, այն է՝. «Նախաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Գարունի Բեգլարյանը Երեւան քաղաքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող, «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, 2009 թվականի նոյեմբերին, ամսական 5%՝ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի ամսական հաշվարկային դրույքաչափը մի քանի անգամ գերազանցող տոկոսադրույքով նրանց տրամադրել է 300 հազար ԱՄՆ դոլար գումար, իսկ որպես գումարի վերադարձելիության երաշխիք՝ ինչպես անձամբ, այնպես էլ հարազատներն ու մտերիմները Արմեն Թադեւոսյանի հետ կնքել են հիշյալ շենքի 14 բնակարանների առուվաճառքի ձեւական պայմանագրեր»:

Իսկ Հերմինե Նաղդալյանն ասում է, թե որեւէ հաստատող փաստարկ գոյություն չունի: Այս բոլոր փաստերը համադրելով՝ անգամ ոչ մասնագետին էլ պարզ կլինի, որ Դ. Բեգլարյանը ոչ թե գնել է, այլ գրավ է վերցրել՝ տված տոկոսով գումարի դիմաց»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031