Քանի որ մշտապես խնամքի ու հոգատարության կարիք ունեն
«Մտավոր արատով երեխան միջավայր չունի՝ նա կամ փողոցում է հայտնվում, կամ մանկատանը: Իսկ մտավոր խնդիրներ ունեցողները նրանք են, ովքեր ճակատագրի բերումով ամբողջ կյանքի ընթացքում երեխա են մնում, քանի որ մշտապես խնամքի կարիք ունեն»,- երեկ «Հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնում» կազմակերպված նախաամանորյա միջոցառման ժամանակ այսպես բնութագրեց իրենց սաներին կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանը: Այս միջոցառմանը հրավիրված էին սոցոլորտի մի շարք պատասխանատուներ, սակայն նրանցից եւ ոչ մեկը այս երեխաների համար ժամանակ չէր գտել. հավանաբար տարին էին ամփոփում: Պաշտոնյաներից ներկա էր միայն Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Կենտրոնի թվով 57 15-35 տարեկան այցելուները երեկ երգում էին, պարում, արտասանում: Ժեստերի լեզվով խոսող երեխաների բանաստեղծություններն էլ թարգմանվում էին հյուրերի համար: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Ձմեռ պապը. նա երեխաներին նվերներ էր բերել:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս ցերեկային կենտրոն հաճախող 32 երեխաները Շենգավիթ համայնքից են: Տնօրեն Ա. Աբրահամյանի ներկայացմամբ՝ իրենք նաեւ նպաստում են, որ շատ երեխաներ մանկատանը չհայտնվեն. «Մենք ստեղծել ենք ցերեկային խնամքի կենտրոն, որպեսզի երեխաները չկտրվեն իրենց ընտանիքից: Նրանց ընտանիքի անդամները, եթե աշխատանք ունեն՝ գնան իրենց աշխատանքին, իսկ մտավոր խնդիր ունեցող երեխան իր զբաղվածությունն ունենա եւ շփվի առողջ երեխաների հետ»: Նա ասաց նաեւ, որ իրենք միջոցառումներ հաճախակի են կազմակերպում՝ հայկական եւ միջազգային տոների առթիվ. «Երեխաների հետ կենդանի քարոզարշավ ենք անում, որպեսզի մարդիկ տեսնեն, որ իրենք ի վիճակի են լինել բոլոր միջավայրերում»:
Մտավոր արատով երեխաները երեկ նաեւ տիկնիկային բեմադրություն էին կազմակերպել: Այդ ներկայացման մեջ խոզուկի դերը բաժին էր հասել 33-ամյա Օլյային: Մեզ հետ զրույցում Օլյան նշեց, որ կենտրոնում իրեն լավ է զգում. «Շյուղագործության, կարուձեւի, գոբելենի եւ դերասանական խմբակների եմ հաճախում: Սիրում եմ նաեւ հնդկական ֆիլմեր նայել: Սիրում եմ հնդկական պարեր պարել, պարում եմ: Կուզեի երգել, բայց սլուխ չունեմ: Տանն էլ եմ գործ անում՝ ճաշեր եմ եփում, միայն տորթ չեմ կարողանում սարքել: Պասուց տոլման եւ իմամ բայալդին էլ եմ շատ համեղ պատրաստում»:
Ղեւոնդի խոսքերով էլ՝ ինքը մարտաֆիլմերի սիրահար է. «Որ երեխաները խնդրում են՝ բերում եմ, այստեղ ենք ֆիլմեր նայում: Տանը շատ դիսկեր ունեմ, այնքան դիսկ ունեմ, որ կարամ վարձակալության կետ բացեմ»: Նրա երազանքն է հայտնի դերասան Ժան Կլոդ վան Դամի պես ուժեղ լինել. «Ուզում էի իրա պես մուսկուլներ ունենայի, բայց չեղավ: Գնում էի պարապելու, կուլտուրիստ էի ուզում դառնայի»: Հանգստյան օրերին Ղեւոնդը քրոջ տանն է անցկացնում. «Քույրս դերասանուհի է, նկարահանվում է սերիալներում: Նայում եմ իրա ֆիլմերը»: Նա նաեւ նկարում է. «Բնություն ու ռազմական թեմաներով եմ նկարում, բայց շատ չեն թողնում այդ թեմայով նկարեմ: Ես երազում էի վերտալյոտչիկ դառնալ»:
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ