ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը հիշեցնում է, թե ինչպես «կերան Հրանտ Դինքի գլուխը»:
Արդեն հայտնի է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունված՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի եւ իր ընտանիքի հանդեպ թուրքական կողմից որոշ սպառնալիքներ են հնչում, ինչի մասին հայտարարել է տիկին Բուայեն: Վալերի Բուայեն երկուշաբթի օրը բողոք էր ներկայացրել Մարսելի ոստիկանություն՝ հայտնելով իրեն եւ իր ընտանիքին ուղղված մահվան եւ բռնության սպառնալիքների, իր ինտերնետային կայքի վրա հարձակման մասին։
Այսօր արդեն հայտնի է դարձել, որ ֆրանսիացի պատգամավորը եւ նրա ընտանիքը որոշ ժամանակ կօգտվեն արդյունավետ պահպանությունից։ Այդ մասին Le Figaro պարբերականին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խորհրդական Կլոդ Գեանը. «Վտանգը անչափ մեծ չի թվում, սակայն մենք ապահովագրված չենք որեւէ մեկի անհավասարակշիռ գործողություններից»,- ասել է նախարարի խորհրդականը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով թուրքերի կողմից Վալերի Բուայեի հանդեպ հնչող սպառնալիքները՝ նկատեց. «Ֆրանսիական խորհրդարանի հարգարժան պատգամավորի նկատմամբ սպառնալիքներ, ահաբեկումներ հնչեցնող տեսակը աշխարհին շատ լավ հայտնի է դեռ շատ հին ժամանակներից, իսկ մասնավորապես այն ժամանակներից, երբ սպառնալիքներից ու ահաբեկումից հետո կերան Հրանտ Դինքի գլուխը, ինքս դրա մեջ ոչ մի նոր բան չեմ տեսնում, ցավով արձանագրում եմ, որ քաղաքակրթության զարգացման ճանապարհով ստեղծվող թուրքական հասարակությունը բախվել ու բախվում է ծայրահեղ նացիոնալիզմի ռադիկալ ծայրահեղ դրսեւորումների հետ. սա, անշուշտ, վտանգավոր է եւ մի անգամ եւս գալիս է ասելու բոլոր նրանց, ովքեր կարծում էին, թե Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը շքերթ է, բավական է կպչել, եւ դա հաջողություն կբերի, սխալվում էին, եւ սրանով բոլորին զգոնության կոչ է անում: Մենք գիտեինք, գիտենք եւ իմանալու ենք, որ այս գործընթացը վտանգավոր է, դիպչում է թուրքական ծայրահեղությանը եւ դրանով դառնում իրապես դժվարին, բայց ամոթ նրան, ով այս ճանապարհից կհրաժարվի»: Արամ Սաֆարյանը հորդորեց «շատ լավ հասկանալ, որ թուրքական հասարակության մեջ պայքար է ընթանում մի կողմից՝ դեմոկրատների, որոնց այնտեղ պայմանականորեն լիբերալներ են անվանում, ինչի հետ ես համաձայն չեմ, համամարդկային արժեքների կողմնակիցներ, քաղաքակրթության ճանապարհով գնալու ձգտողներ եւ մյուս կողմից՝ ռադիկալ-ծայրահեղական տարրերի միջեւ: Այս դաժան պայքարին մի անգամ մենք՝ հայերս, ականատես եղել ենք Հրանտ Դինքի պարագայում (ես չեմ խոսում ավելի հին դեպքերի մասին) եւ հիմա էլ ականատես ենք լինում ֆրանսիական պատգամավորի կապակցությամբ»:
Կարդացեք նաև
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում (դեկտեմբերի 26-ին) նկատել էր. «Ես միշտ էլ համարել եմ կոպիտ սխալ, երբ Ցեղասպանության միջազգային ճանաչումը դրվել է Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակների հիմքում: Դա դրվեց 98 թվականից, եւ դա միայն ու միայն վնաս է բերել թե՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, թե՛ պետականությանը»: Ընդդիմադիր իր գործընկերոջ հետ այս հարցում համամիտ չէ իշխող կոալիցիայի ներկայացուցիչ, «Բարգավաճի» անդամ Արամ Սաֆարյանը: Վերջինիս պնդմամբ. «Ուզում եմ հիշեցնել, որ 2005-ին ընդունված ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ միջազգային դատապարտման խնդիրը նկատված է իբրեւ այժմեական խնդիր, եւ այդ խնդրի իրականացման նպատակն է լուծել նաեւ ՀՀ ազգային անվտանգության հարցը: Այսպիսով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը մի գործընթաց է, որի նպատակն է ամրապնդել ՀՀ ազգային անվտանգությունը: 2001-ից հետեւողականորեն կանգնած եմ եղել այս տեսակետի դիրքերում, այս տեսակետի դիրքերում եմ եղել, իբրեւ հետազոտող, 2005-ին, երբ անվտանգության հայեցակարգը մշակման փուլում էր, պաշտպանել եւ սատարել եմ հեղինակներին, նույնն անում եմ հիմա: Եթե հանկարծ (ինչն անհնարին է) ետ կանգնենք Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդրից, ամենուրեք աշխարհում մենք էապես կթուլացնենք մեր ազգային անվտանգության դիրքերը»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ