Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի, «Ժառանգության» և ԲՀԿ–ի միավորումը հնարավոր չէ. Էդուարդ Շարմազանով

Դեկտեմբեր 28,2011 11:51

«Դուք հավատում եք, որ ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» միավորումը հնարավո՞ր է։ Դրա հնարավորությունն ուղղակի չկա։ Այդ ուժերը չեն կարող միավորվել մի շարք խորը հակասությունների պատճառով։ Օրինակ, ՀԱԿ–«Ժառանգություն» հակասություններին ականատես եղանք Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք վերը նշված ուժերի երեկվա հայտարարությունները կարող են դառնալ այդ ուժերի միավորման պատճառ։

Հիշեցնենք, որ երեկ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»՝ առաջարկելով ամբողջությամբ անցնել համամասնական ընտրակարգի։ «Ազգային ժողովի մեծամասնությանն առաջարկում ենք Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի»,– մասնավորապես հայտարարել էին հիշյալ կուսակցությունները։ Ավելի ուշ՝ նրանց այս հայտարարությունը ողջունեց Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը, իսկ ավելի ուշ՝ ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կայքերից մեկին տված հարցազրույցում նշել էր, թե «ԲՀԿ–ն պատրաստ է ամենայն լրջությամբ և խորությամբ քննարկել այդ հարցը»։

Շարմազանովի խոսքով՝ այս ուժերի հայտարարություններն ընդամենը նշանակում են, որ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը իրենց կարծիքն են հայտնում որևէ հարցի վերաբերյալ։ «Սա նորություն չէ, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» միշտ էլ խոսել են համամասնական ընտրակարգի անցնելու մասին, բայց փաստն այն է, որ մենք արդեն ունենք բարեփոխված Ընտրական օրենսգիրք, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից»,– ասաց ԱԺ փոխխոսնակը։

Նա նշեց, որ ինքն անձամբ դեմ է համամասնական ընտրակարգին այս փուլում, քանի որ տարածքների համաչափ զարգացման մասին խոսելիս պետք է ունենալ հենց տարբեր տարածքներից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ, որոնք առավելաբար զբաղվում են իրենց տարածաշրջանների խնդիրներով։ «Տեսականորեն մենք գտնում ենք, որ մի օր հասնելու ենք համամասնական ընտրակարգի, բայց այս պահին, երբ մեր խորհրդարանը մի պալատանի է, մենք պետք է ունենանք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ»,– հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։ Ինչ վերաբերում է վերը նշված ուժերի հայտարարություններին, նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ «այդ ամենն ընդամենը կարծիքների բախում է ընտրություններից առաջ, որի առնչությամ իրենք էլ ունեն իրենց կարծիքը»։

 Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031