Ինչպես ավելի վաղ «Առավոտ»-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, առավոտյան ժամը 07.30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ «Բանվորի արձանի» հարևանությամբ, «ՄԱԶ» 54323 մակնիշի 65 ՕՍ 761 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 2 հոգու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց էին տեղափոխվել Երևանի Չեխովի փողոցի բնակիչներ 81-ամյա Համբարձում Սամսոնյանը և 74-ամյա Օլգա Հարությունյանը։ Վերջինս հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ։
Վարորդը Նորագավիթի բնակիչ 62-ամյա Մաթևոս Բունիաթյանը վրաերթի վայրից փախուստի չէր դիմել, օգնել էր, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն հիվանդանոց։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր–օր.–ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։