Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. ՀԱԿ-ում պետք է լինեն ֆրակցիաներ

Դեկտեմբեր 28,2011 11:32

Կոնսենսուսը Կոնգրեսում դե ֆակտո բացակայում էր շատ ավելի առաջ, քան դրա մասին հանրությանը հայտնի դարձավ։ Սկզբնական շրջանում իրոք վախ կար, թե ինչ Է լինելու, երբ արձանագրվի կոնսենսուսի բացակայությունը։ Ես վախենում Էի, շատ էի վախենում, որ կոնսենսուսի բացակայությունը կկազմաքանդի Կոնգրեսը։ Բայց տեսեք, արդեն երկար ժամանակ կոնսենսուս չկա, ու Կոնգրեսի հետ ոչ մի աղետալի բան տեղի չի ունեցել։ Հիմա արդեն սկսում ես մտածել, որ կոնսենսուսի առկայությունը չէ, որ կենսական նշանակություն ունի Կոնգրեսի համար, դա չի կարող եւ չպետք է լինի ինքնին նպատակ. ինքնանպատակ կոնսենսուսը կարող է աղետներ բերել Կոնգրեսի գլխին։ Բազմաշերտ միասնության նոր կուլտուրա պետք է մտնի Հայաստանի քաղաքական կյանք, եւ այդ կուլտուրան նույնպես պետք է մտցնի Կոնգրեսը։ Համաժողովրդական շարժումը չի եղել, Հայ ազգային կոնգրեսն էլ չպետք է լինի ամեն ինչում համաձայնվողների միավորում։ Կոնգրեսի նպատակը ջան ասող՝ ջան լսողների համաձայնությունը չէ, այլ ավազակապետության կազմաքանդումը, Հայաստանում օրինական, օրինակա՛ն եւ ոչ թե Կոնգրեսական իշխանության ձեւավորումը, Սահմանադրական իրականության հաստատումը։

Կոնգրեսում, ուրեմն, պետք է լինեն նրանք, ովքեր համաձայն են այս նպատակի հետ եւ ոչ թե նրանք, ովքեր համաձայն են, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հետ։ Իմ անունն եմ տալիս, որ ուրիշ որեւէ մեկին չնեղացնեմ: Պետք է լինեն բանավեճեր, պետք է լինեն անհամաձայնություններ, պետք է լինեն ֆրակցիաներ, եւ սրանց բանավեճի միջոցով պետք է ձեւավորվի համաձայնություն: Չհամաձայնվողները նույնքան հարազատ պետք է լինեն Կոնգրեսին, որքան համաձայնվողները։

Համաձայնությունը արժեք ունի, երբ գոյացել, հղկվել է անհամաձայնությունների հորձանուտում, տեսակետների, կարծիքների, սկզբունքների բախման արդյունքում։ Ի սկզբանե գոյություն ունեցող համաձայնությունը, ստատիկ համաձայնությունը, չալեկոծվող համաձայնությունը ճահիճ է եւ միայն ճահիճ։

Ասածս, ուրեմն, ոչ միայն չի չեզոքացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը, այլեւ հաստատում է դրա գոյության իրավունքը։ Որեւէ մեկի իրավունքը՝ համաձայն չլինել դրա հետ։ Ինձ քննադատելու ցանկացածի իրավունքը, ցանկացածին քննադատելու իմ իրավունքը։ Կոնգրեսի ղեկավար մարմինը, նրա առանձին ներկայացուցիչներ քննադատելու ցանկացածի իրավունքը՝ Կոնգրեսի անդամ է այդ ցանկացածը, թե ոչ, ակտիվիստ է, թե ոչ, անձնուրաց Է, թե ոչ։ Բայց, սիրելիներս, եկեք Կոնգրեսին ու նրա որեւէ ներկայացուցչի էլ չզրկենք հակադարձելու իրավունքից։

Վերադառնալով չհամաձայնությունների միասնության հնարավորությանը՝ չհամաձայնությունից բարձր կանգնած նպատակի շուրջ, ուզում եմ հաստատել, որ դա հնարավոր է։ Որ այդ բազմազանությունը ոչնչով չի սպառնում Կոնգրեսի բնականոն գործունեությանը։ Կան նամակագիրներ, որոնք, փորձելով ապացուցել հակառակը, հարց են տալիս ինձ՝ Տեր- Պետրոսյանը, թեկուզ տեսականորեն, ըստ էության չի բացառում, որ Դոդի Գագոն գա Ազատության հրապարակ, եթե եկավ, ո՞նց ես պատկերացնում քեզ ու իրեն նույն հարթակում։

Իմ ամենաչսիրած զբաղմունքը չեղած բաների շուրջ մտահանգումներ անելն է։ Հարցնում եք՝ եթե եկավ, ի՞նչ եմ անելու։ Եթե եկավ, համոզված եղեք, անելիք կգտնեմ, ու իմ անելիքը համարժեք կլինի իրավիճակին, կլինի սկզբունքային ու անխոցելի, բայց ոչ երբեք՝ հիստերիկ։ Սրանում որեւէ մեկը թող չկասկածի։

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031