Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը երեկ տարեվերջի ամփոփիչ ասուլիսում ներկայացնելով անցնող տարում իր ղեկավարած գերատեսչության առջեւ դրված երեք գերակա խնդիրների ուղղությամբ կատարված աշխատանքները` պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, որոնց մեջ, թերեւս, ամենահետաքրքրողը վերաբերում էր նրան, որ ինքը ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին ներկա չի լինում: «Ես սպորտ սիրում եմ: Բայց կան մարզաձեւեր, որոնք ինձ ավելի հոգեհարազատ են, – ասաց նախարարը: – Օրինակ, ես մարզական կարգ ունեմ շախմատից եւ սամբոյից: Բայց դա չի նշանակում, թե ֆուտբոլ, կամ մեկ այլ մարզաձեւ չեմ սիրում: Պարզապես, նախընտրում եմ մեր ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը դիտել տանը` հեռուստացույցով, որովհետեւ այդպես ավելի համար ավելի հարմար է եւ հաճելի»:
Նախարարը նաեւ ավելացրեց, որ ֆեդերացիան իրեն ազգային հավաքականի հանդիպումների հրավիրատոմս ոչ մի անգամ չի ուղարկել: «Եթե ստադիոնում հանդիսականի պակաս զգացվեր, ոչ միայն ինքս կգնայի, այլեւ հետս մարդկանց էլ կտանեի», – եզրափակեց նախարար Արթուր Պետրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ