Այսօր` դեկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում, Ներքին Չարբախի 1-ին փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական` դիմել փախուստի: Հետիոտնը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Նշված փողոցում բացակայում է արտաքին լուսավորությունը, իսկ մահացածը մեծահասակ կին էր, ում ինքնությունն այս պահին փորձում է պարզել ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ հայտնաբերելու համար վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան: