«Ինձ ասում են, որ Ձմեռ պապիկ չկա, բայց ես մեկ ա հավատում եմ»,-ասում է 10 -ամյա Արփինեն: Այսօր անչափ ուրախ է, որովհետև իրենց գյուղ վերջապես Ձմեռ պապիկ է եկել:
Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում տոնական տրամադրություն էր: Գյուղում վերջին մի քանի տարվա ընթացքում կազմակերպված ամանորյա ամենամեծ միջոցառումն էր : Չնայած դահլիճի չափազանց ցուրտ լինելուն ` երեխաները մեծ ուրախությամբ էին եկել միջոցառմանը: 16-ամյա Ազատուհին, որը նաև միջոցառման հանդիսավարն էր,շատ ոգեւորված էր. «Ես անչափ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառում է կազմակերպվել: Այսպես մեր առօրյայի մեջ հետաքրքրություն է մտնում: Բոլորը ուրախ են ու տոնական տրամադրված, իսկ դա մեզ ավելի է ուրախացնում»:
Այստեղ ներկա էին գյուղի նույնիսկ ամենատարեցները: Միջոցառման կազմակերպիչ Աննա Մելքումյանն ասում է, որ նման միջոցառումները հաճախակի են կազմակերպվում. «Ամեն անգամ, երբ նման բաներ ենք կազմակերպվում, բոլորը կարծես նոր շունչ են առնում: Մեր գյուղի երիտասարդների համար սա մեծ նշանակություն ունի: Բոլորը ոգեւորվում են, ու դա մեզ ստիպում է ավելի հաճախ կազմակերպել նման միջոցառումներ: Մենք էլ ենք դրանից ոգեւորվում»:
Գյուղի գյուղապետ Վահրամ Հովհաննիսյանը միջոցառման վերջում խաղարկություն էր կազմակերպել: «Ամենաշատը դրան էինք սպասում,- ասում է Արսենը,- հուսով եմ, որ գոնե մի բան կշահեմ»:
Այս տարի ոչ մի երեխա առանց նվերի չմնաց : «Փոքր ժամանակ մի անգամ հանդեսներից մեկում ես առանց նվերի մնացի ,այդ պատճառով էլ որոշեցի, որ այս տարի ոչ մի փոքրիկ առանց նվերի չպիտի մնա»,-ասում է գյուղապետը:
«Ամեն ինչ շատ լավ է,-ասում է Լուսինեն,-շատ լավ կլինի,որ ամեն տարի նույն միջոցառումները կազմակերպվեն, ու մենք լավ ժամանակ անցկացնենք»:
Մերի Խաչատրյան