Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորը օդում և ցամաքում

Դեկտեմբեր 27,2011 21:41

Դեկտեմբերի 31-ին «Արմավիայի» Երեւան-Վնուկովա  չվերթի ուղեւորները  երկրից կմեկնեն հին տարում, Ամանորը կդիմավորեն երկնքում և վայրէջք կկատարեն արդեն նոր տարում: Սակայն մինչ Նոր տարին`  օդում դիմավորողները սպասում են 2011 թվականի վերջին օրվան, նրանք, ովքեր ցանկանում են այդ օրը Հայաստանից դուրս որեւէ այլ  «ցամաքում» դիմավորել, արդեն իսկ հաղթահարում են օդային տարածությունը: Եվ ինչպես փաստում են տուրիստական կազմակերպություները, այս տարի ևս  լավագույն եռյակը կազմում են Արաբական Միացյալ Էմիրությունները (Դուբայը), Հորդանանը և Եգիպտոսը:

«Ամեն տարի որոշում էինք Նոր տարին արտասահմանում անցկացնել, բայց չէր ստացվում: Այս տարի վերջապես ընտանիքիս հետ կմեկնեմ Դուբայ: Հա՛մ տոները կդիմավորենք, հա՛մ էլ կհանգստանանք: Մի շաբաթը շատ քիչ ա, բայց էլի փոփոխություն ա»,-նշում է 32-ամյա Աշոտը և ավելացնում, որ ամեն դեպքում հայկական գինին իրենց հետ վերցնելու են:

Չնայած այն հանգամանքին, որ տուրիստական փաթեթները ձմռանը` Նոր տարվա նախաշեմին, զգալիորեն թանկանում են, այնուամենայնիվ դրանց վաճառքը էական փոփոխությունների չի ենթարկվում: «Արմեն տուր»  կազմակերպության կարգավար Լուսինե Գասանգալյանը նշում է, որ Ամանորյա փաթեթների տարբերությունը մոտավորապես 500 ԱՄՆ դոլար է կազմում. « Զեղչեր սովորաբար չեն լինում, եթե լինում էլ են` շատ քիչ: Բայց եթե համեմատենք անցյալ տարվա հետ, այս տարի մեկնողների թիվը գրեթե նույնն է մնացել: Փաթեթները արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախապես պատվիրվել են»:

«Աստղաձոր»  կազմակերպության տուրիզմի բաժնի ղեկավար Սյուզաննա Հովսեփյանն էլ նշում է, որ այս օրերին թանկանում են հատկապես ավիատոմսերը. «Եթե սովորական օրերին Դուբայի տոմսը արժե 120.000 դրամ, ապա Ամանորի նախաշեմին դառնում է 250.000-300.000 դրամ: Շատերը մեկնում են հունվարի 1, 2, քանի որ ի տարբերություն դեկտեմբերի 30-31-ի, այդ օրերին տոմսերի արժեքը նվազում է մոտավորապես 50.000 դրամով»:

Պետք է նշել, սակայն, որ Ամանորին արտասահման մեկնողների թվին չի զիջում նաև հայկական հանգստյան գոտիներ մեկնողների թիվը: Մեզ մոտ լավագույն եռյակ են կազմում Ծաղկաձորը, Դիլիջանը և Աղվերանը: Եվ եթե արտասահմանյան փաթեթների վաճառքը սկսվում է հոկտեմբերից, ապա մեզ մոտ. «Սեպտեմբերին արդեն վաճառված են լինում»,-նշում է «Ավանգարդ» տուրիստական կազմակերպության աշխատակցուհին և ավելացնում. «չնայած մեզ մոտ գները ավելի բարձր են»:

Այսպիսով, ուսումնասիրելով հայկական և արտասահմանյան ամանորյա փաթեթները կարելի է եզրակացնել, որ ամենաշահավետ տարբերակը Ամանորն օդում դիմավորելն է:

 

                                                                                                                  Հերմինե Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031