Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիոսրահի ու վարսավիրանոցի շեֆերը` դաշնակցական լիդերնե՞ր

Դեկտեմբեր 27,2011 20:54

Ներկուսակցական  «ռազբորկաների» պատճառով մոտ մեկ տարի անգործության մատնվելուց հետո, ՀՅԴ-ն, նախընտրական շրջանում, սկսել է ակտիվություն ցուցաբերել Շիրակի մարզում: Մոտ 10 օր առաջ  ստեղծվել է մարզային կոմիտե, իսկ կիրակի օրը տեղի են ունեցել Գյումրու կոմիտեի անդամների ընտրությունները: Որոշ դաշնակցականների ներկայացնելով՝ Գյումրու կոմիտեում ընտրվել են այնպիսի մարդիկ, որոնք Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի եղբորը պատկանող «Վեգա» խանութում մագնիտոֆոն ու լվացքի մեքենա են վերանորոգում, նրանց մեջ կա նաև վարսավիրանոցի տնօրեն ու դպրոցի էլեկտրիկ:

Ըստ քննադատների, եթե Գյումրու կոմիտեի նախկին անդամները կարողանում էին հստակ արտահայտել դաշնակցության դիրքորոշումը, նորընտիրները դժվար թե կարողանան այդքան ազատ խոսել:

Aravot.am-ը ՀՅԴ մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գևորգ Ալեքյանից հետաքրքրվեց, թե  ովքեր են ընտրվել և ինչ արժանիքների համար: «Մարդու սեփական բիզնես` վարսավիրանոց կամ ռադիոսրահ ունենալը  բացարձակապես կապ չունի նրա կուսակցական գործունեության հետ: Եթե անգամ մարդը գործազուրկ է, սակայն հեղինակություն ունի Դաշնակցության մեջ, ընտրում ենք նրան, պարտադիր չէ, որ մարդը քաղաքապետ, բժիշկ կամ մարզպետ լինի Դաշնակցության կոմիտեի անդամ ընտրվելու համար: Եթե որևէ մեկին թվում է, թե կոմիտեն աթոռին նստելու տեղ է, պաշտոն է, սխալվում է, կոմիտեի անդամն ընտրվում է ոչ թե կարգադրություններ տալու, այլ վազելու, կուսակցությանը օգուտ բերելու համար: Մենք ղեկավարներ չենք, այլ կատարողներ, վազողներ ենք»,- ասաց Գևորգ Ալեքյանը:

Ըստ մեր զրուցակցի, իրենց ընկերների մեջ չկան օլիգարխներ, դաշնակցական ընկերը, լինելով և բանվոր, և տնօրեն բոլորը կուսակցության մեջ հավասար են: Նա նաև տեղեկացրեց, որ ընտրվածները ոչ թե անկիրթ մարդիկ են, ինչպես բնութագրում են ոմանք, այլ պետական համալսարանի ռադիոֆիզիկայի  ֆակուլտետն ավարտած, տնտեսագիտության համալսարանի ու  մանկավարաժական ինստիտուտի դասախոսներ են, որոնք 10 կամ 20 տարվա դաշնակցականներ են: «Եթե կուսակցականը տասը տարի շարունակ նստում է իր կուսակցական ընկերոջ կողքին ու նման վատ բնութագիր է տալիս նրան, ապա ինչ ասեմ ` դա մարդու տեսակ  է, ով նեղսրտություն ու փոքրոգություն է դրսևորում», – ասում է Գևորգ Ալեքյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031