Անցած շաբաթ Aravot.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հայտարարել էր, թե «Հրազդանի քաղաքապետի մեր թեկնածուն` ի դեմս քաղաքապետ Արամ Դանիելյանի, խոշոր հաշվով հաղթելու է , եւ առաջարկում եմ հաշվարկներն այդ հարթության վրա կատարել»:
Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ-ական մարզպետի այս հայտարարությունն ու պատասխանելով այն հարցին, թե ինքն իր հաշվարկները հիմա ի՞նչ «հարթության վրա» է կատարում` Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Սասուն Միքայելյանն ասաց. «Նախ` էդ Կովալենկոն թող իրեն հաշվի տա, թե ինքն էդ ի՞նչ հեղինակություն է վայելում ժողովրդի շրջանում, որ հիմա էլ ժողովրդի հաշվին հաշվարկներ է անում: Ժամանակը կգա ու կերեւա` իր հաշվարկները ճի՞շտ են, թե՞ սխալ: Ինքը սովոր է կեղծիքներով ընտրություններ կազմակերպել, իր պաշտոնն օգտագործել բացառապես իր շահերի ու ժողովրդին ճնշելու համար, բայց էս անգամ խոստանում եմ` դա իրեն անել չի հաջողվի»: