ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը հիշեցնում է, թե ինչպես «կերան Հրանտ Դինքի գլուխը»
Արդեն հայտնի է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունված` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի եւ իր ընտանիքի հանդեպ թուրքական կողմից սպառնալիքներ են հնչում, ինչի մասին հայտարարել է տիկին Բուայեն: Երկուշաբթի օրը բողոք ներկայացնելով Մարսելի ոստիկանություն` նա հայտնել է, որ իրեն եւ իր ընտանիքին ուղղված մահվան եւ բռնության սպառնալիքներ են հնչում, եղել է հարձակում իր ինտերնետային կայքի վրա։
Այսօր արդեն հայտնի է դարձել, որ ֆրանսիացի պատգամավորը եւ նրա ընտանիքը որոշ ժամանակ կօգտվեն արդյունավետ պահպանությունից։ Այդ մասին Le Figaro պարբերականին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խորհրդական Կլոդ Գեանը. «Վտանգն անչափ մեծ չի թվում, սակայն մենք ապահովագրված չենք որեւէ մեկի անհավասարակշիռ գործողություններից»,- ասել է նախարարի խորհրդականը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով թուրքերի կողմից Վալերի Բուայեի հանդեպ հնչող սպառնալիքները, նկատեց. «Ֆրանսիական խորհրդարանի հարգարժան պատգամավորի նկատմամբ սպառնալիքներ, ահաբեկումներ հնչեցնող տեսակն աշխարհին շատ լավ հայտնի է դեռ շատ հին ժամանակներից, իսկ մասնավորապես այն ժամանակներից, երբ սպառնալիքներից ու ահաբեկումից հետո կերան Հրանտ Դինքի գլուխը, ինքս դրա մեջ ոչ մի նոր բան չեմ տեսնում, ցավով արձանագրում եմ , որ քաղաքակրթության զարգացման ճանապարհով ընթացող թուրքական հասարակությունը բախվել ու բախվում է ծայրահեղ նացիոնալիզմի ռադիկալ ծայրահեղ դրսեւորումների հետ, սա, անշուշտ, վտանգավոր է եւ մի անգամ եւս գալիս է ասելու բոլոր նրանց, ովքեր կարծում էին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը շքերթ է եւ բավական է կպչել եւ դա հաջողություն կբերի, սխալվում էին եւ սրանով բոլորին զգունության կոչ է անում: Մենք գիտեինք, գիտենք եւ իմանալու ենք, որ ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը վտանգավոր գործընթաց է եւ դիպչում է թուրքական ծայրահեղությանը եւ դրանով դառնում է իրապես դժվարին, բայց, ամոթ նրան, ով այս ճանպարհից կհրաժարվի»:
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: