Winter fest 2011 ձմեռային փառատոնի շրջանակներում, հայ Ձմեռ պապերն այսօր մրցավազքի էին դուրս եկել: Նրանք պայքարում էին IPAD մրցանակի համար: Ձմեռային փառատոնը աշխարհում ընդունված Santa run մրցավազքի հայկական տարբերակն էր, որին մոտ 100 երիտասարդ մասնակցեց: Ձմեռ պապերի մրցավազքը մեկնարկեց Մոսկովյան-Աբովյան խաչմերուկից եւ ավարտվեց Հանրապետության հրապարակում: Մրցավազքի առաջին հաղթողը Երեւանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Վարազդատ Գուլոյանն էր: «Վառ էմոցիաներ, տպավորություններ ունեմ ու ինձ թվում է մյուս մասնակիցներն էլ են վառ տպավորություններ ստացել: Նույնիսկ պարտվողներն էին եռանդով վազում, ու ճանապարհի կեսին հուսախաբ չկանգնեցին: Հետաքրքիր մրցավազք էր, շատ եմ սիրում վազել, մենակ վազելու համար էլ կմասնակցեի այս մրցույթին»,- ասաց Վարազդատը:
Winter fest 2011 ձմեռային փառատոնի կազմակերպիչ Արամ Գրիգորյանի խոսքերով էլ, մրցույթից իրենց ակնկալիքներն արդարացան.«Մեզ համար կարեւորը մասնակիցների ոգեւորությունն ապահովելն էր ու աշխարհում սիրված մրցավազքը այստեղ եւս կազմակերպելն էր: Տարիքային տարբերությունը մասնակիցների մեծ էր, բայց մենք չենք մերժել ոչ ոքի: Սա բոլորին հաճելի եւ ուրախ տպավորություններ պարգեւեց»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ.Գ Ի դեպ, ձմեռ պապիկների հետ ստիպված եղան վազել նաեւ որոշ լրագրողներ, այդ թվում եւ ես, սակայն ոչ այն պատճառով, որ մենք հավակնում էինք ձմեռ պապերի համար նախատեսված մրցանակին: Բանն այն է, որ մենք՝ լրագրողներս, ձմեռ պապիկներին հանդիպեցինք իրենց՝ վազքի մեկնարկային կետում, մինչդեռ պետք է դիմավորեինք վերջնակետում: