Արդեն 4 ամիս է` Գյումրիում դատում են ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանի որդու` Միսակի թիկնապահներին դանակահարողին:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Բալասանյանների ընտանիքին պատկանող Գյումրու գարեջրի գործարանի դիմաց, օրը ցերեկով արյունալի «ռազբորկա» էր տեղի ունեցել գործարանում որպես բանվոր աշխատող Ալբերտ Սահակյանի եղբայրների ու Միսակ Բալասանյանի թիկնապահների միջև, որն էլ ավարտվել էր մարդասպանությամբ:
Բանն այն է, որ լաբորատորիայից գողություն կատարելու մեղադրանքով թիկնապահները ծեծել ու աշխատանքից դուրս էին վռնդել Ալբերտ Սահակյանին: Նա էլ իր պատվի համար զանգել ու կանչել էր եղբորը` Արմենին: Վերջինս էլ, գործարանի անցակետի դիմաց, կռվի մեջ մտնելով Միսակի թիկնապահների հետ, հանել էր դանակը ու խփել նրանցից երկուսին. 28-ամյա Արթուր Առաքելյանը մահացել էր, Վարդան Ասատրյանն էլ հաշմանդամ դարձել:
Այսօր ամենավերջին դատական նիստն էր, դատախազ Սալոյանը պահանջեց 12 տարվա ազատազրկման դատապարտել սկանդալի գլխավոր հերոսին` Արմեն Սահակյանին, իսկ բանվոր աշխատող եղբորը` Ալբերտին` 5 տարվա ազատազրկման, սակայն առաջարկեց նրա նկատմամբ համաներում կիրառել: Նշենք, որ այս երկուսից բացի, նույն քրեական գործի շրջանակներում, որպես «ռազբորկայի» մասնակից, մեղադրվում է ինչպես Սահակյանների 3-րդ եղբայրը` Արսենը, այնպես էլ գլխավոր հերոսի` Արմեն Սահակյանի ընկերը, որը զարմանալի զուգադիպությամբ նույն անուն-ազգանունն ունի:
Լաբորատորիայից կատարված գողության համար մեղադրվում է նաև գարեջրի գործարանում որպես եփող բանվոր աշխատող Ռուդիկ Շահնազարյանը: Դատախազն այս երեք երիտասարդների համար պահանջեց 3 տարի ազատազրկում ու առաջարկեց համաներում կիրառել: Ամենախիստ պատիժը փաստորեն բաժին ընկավ Արմեն Սահակյանին, որ տառապում է շաքարային դիաբետով և բանակից ազատվել է հիվանդ լինելու պատճառով:
Տուժողների շահերը պաշտպանող Արմեն Արմենակյանն իր ելույթում ասաց, որ Սահակյան եղբայրները թեև մեկին հաշմանդամ են դարձրել, մյուսին էլ զրկել են կյանքի բացարձակ արժեքից` ապրելու իրավունքից, այդուհանդերձ այդքան բարոյականություն չունեցան զղջալու: Սահակյան եղբայրների շահերը ներկայացնող Թամար Յայլոյանն էլ իր պաշտպանական ճառում արտառոց բացահայտումներ արեց. նա իր պաշտպանյալներին արդարացնելուց զատ, հայտարարեց, որ ԱԺ փոխնախագահի որդին` գարեջրի գործարանի սեփականատեր Միսակ Բալասանյանը, գործարանում «լեվի» հաստիքներ է պահել:
Ըստ փաստաբանի, թիկնապահները, որոնք Երևանից են, իրականում ոչ թե Միսակի ընկերներ են, ինչպես որ փորձում են ներկայացնել, այլ անվտանգության աշխատակիցները, որոնք, սակայն, օրինական կարգով գրանցված չեն եղել:
Ավելին, Թամարա Յայոլյանը հայտնեց, որ չգրանցված աշխատող է եղել նաև իր պաշտպանյալը` Ալբերտը, որի պատճառով էլ սկսվել էր ռազբորկան. «Եթե մեկ ուրիշն այս երկրում չգրանցված աշխատողներ պահեր, հարկայինը շան օրը կգցեր, և եթե Բալասանյանները օլիգարխ չեն, ապա ինչպե՞ս են իրենց թույլ տալիս թիկնապահներ պահել: Նախաքննական ցուցմունքներում բավականին ապացույցներ կան, որ նրանք ոչ թե Միսակի ընկերներն են եղել, այլ անվտանգության աշխատակիցները, ընդ որում, նորից եմ կրկնում` չգրանցված: Ո՞վ էին նրանք, որ ռազբորկա սարքեին գործարանի բանվորների հետ` թափված գարեջրի համար, մի բան էլ ծեծեին, հաշիվ պահանջեին գողության համար: Գողություն էր կատարվել՝ թող բարի լինեին ոստիկանություն դիմել, գարեջուր էր թափվել՝ թող դատի տային, ոչ թե մեղքը բարդեին բանվորների վրա, որոնք էլ վրեժ լուծելու համար գողանային լաբորատորիայի 7500 դրամանոց սարքը: Եթե ամեն մարդ իր տեղում լիներ, այսպիսի պատմություն չէր լինի: Իսկ ի՞նչ կլիներ, եթե Բալասանյանի որդի Միսակը բանվորներին անձամբ կանչեր ու հետները մարդավարի զրուցեր, ոչ թե նրա թիկնապահները կանգնեին ու հայտարարեին` ո՞վ եք դուք, այ համբալներ, որ կանգեք ու Միսակի հետ խոսեք: Միգուցե այդ դեպքում այսքան բան չլինե՞ր, այսքան երիտասարդ տղաներ չտուժեին»:
Ի դեպ, դատարանի դալիճից դուրս, Թամարա Յայլոյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկ անգամ ևս պնդեց, որ ոչ թիկնապահները, ոչ էլ իր պաշտպանյալը աշխատանքային պայմանագիր չեն ունեցել կնքած գործարանի ղեկավարության հետ: Ամբաստանյալներից 2 շահերն էլ պաշտպանում էր փաստաբան Շիլոյանը, որ հայտարարեց, թե Հայաստանում օլիգարխներն ու նրանց շրջապատն անպատժելի են, և դրա ցայտուն օրինակը Բալասանյաններն են` իրենց գարեջրի գործարանով:
«Հո իմ պաշտպանյալները հոգեկան հիվանդ չե՞ն, որ գնան անմեղ տեղը կռիվ սարքեն, և, ի վերջո, այդ նույն թիկնապահները հայհոյել են, մարդ են ծեծել, կա՞ որևէ մեկը, որի դեմ քրեական գործ հարուցվեր»,- հարցնում էր Շիլոյանը: Դատախազն, ի պատասխան նրանց` ասաց. «Թեկուզ թիկնապահ, թեկուզ ընկեր, թող թիկնապահ լինեն, վերջիվերջո 29 տարեկան, կյանք չմտած տղա է սպանվել, ինչի՞ մասին եք խոսում»: Վճիռը կհրապարկվի 2 օրից:
Ի դեպ, մենք չգրանցված աշխատակիցների հետ կապված փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև գարեջրի գործարանի սեփականատիրոջից` Միսակ Բալասանյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ