Լոռու մարզի 113 համայնքներից շուրջ 30-ը սեփական եկամուտները հավաքագրել են 30 տոկոսով: Այս առիթով համայնքապետերն արդարանում են, թե ՀՀ օրենքները անկատար են, անթերի չեն: «Եթե ես համայնքի ղեկավար եղած չլինեի, գուցեեւ հավատայի ձեզ»,– ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու անտեղյակ համայնքապետերին խորհուրդ տվեց հարցը քննարկել Լոռու մարզպետարանի ֆինանսների ու տնտեսական զարգացման վարչության հետ:
Ըստ Լոռու մարզպետի, 2011 թվականին մարզում 15 միլիարդ դրամի ծրագիր է իրականացվել, որից 12 միլիոնը՝ պետբյուջեից: Մարզպետը վստահ է, որ 2012-ին նույն թափով ծրագրեր իրականացնելու համար, հարկավոր է ուշադրություն դարձնել սեփական եկամուտների հավաքագրմանը. «Աշխատող համայնքներին կօգնենք, չաշխատողներին, չենք խանգարի, բայց չենք էլ օգնի»:
Գյուղատնտեսական նոր տարում, Լոռու մարզում, ռուսական եւ ուկրաինական արտադրության 2200 տոնա (մեկ կգ-ն՝ 6000 դրամով) պարարտանյութ է տրամադրվելու գյուղացուն: Մարզպետը պահանջեց հենց այսօրվանից հավաքել գումարները, որ այս տարվա գարնան նման, սերմնացուի պարտքեր չկուտակվեն: Լոռիում կան համայնքներ, որ գարնանը ստացած սերմնացուի համար մինչ օրս դեռ պարտք են՝ 20 –ից 220 հազար դրամ:
Մարզպետարանի հաշվին մարզում երկու միլիոն դրամի աշխատավարձի պարտք է մարվել, ինչը սակայն մարզպետ Արթուր Նալբանդյանի սրտով չէ: Նա կարծում է, որ գումարը անապահով ընտանիքներին տրամադրելն ավելի ճիշտ կլիներ: «Ինչի պետք է էդ գումարը ես տամ, 2 օրում հավաքագրեք ձեր եկամուտները, թե չէ մարզը սեւ ցուցակում է հայտնվել»,- ասաց մարզպետը: Նկատի ունի, որ մարզը, սեփական եկամուտների հավաքման ցածր մակարդակ ունեցողների շարքում է:
Կարդացեք նաև
Նելլի ԴԱՎԹՅԱՆ