Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) կայացավ համալսարանի պաշտոնական կայքի / asue.am/ շնորհանդեսը:
Կայքի վրա աշխատած «Բրենդ» ընկերության գործադիր տնօրեն, մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանը բացման խոսքում պաթետիկ տոնով ասաց. « Ով քնած է, թող արթնանա, ով երկմտում է, թող կողմնորոշվի, քանի որ գործելու ժամանակն է: Մենք ներկայանում ենք ամբողջ աշխարհին, ուզում ենք մեր համալսարանում տեսնել ստեղծագործ մտքի թռիչք…Մեր ուսանողները հպարտ են, որ սովորում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում»:
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը օրը հիշարժան որակեց, նաեւ խոստացավ. «Համալսարանի կայքէջը կատարելագործվելու է.համալրվելու է նոր բաժիններով, համագործակցություն է լինելու տարբեր հիմնադրամների հետ»:
Միջոցառմանը ներկա էր ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը չկարողացավ խուսափել լրագրողների հարցերի տարափից:
Կարդացեք նաև
Այն հարցին՝ ինչքանո՞վ է հավանական, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն միասին կլինեն, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ոչ մի բան չպետք է բացառել, բայց նման հարց դեռ չի քննարկվել: Ես համոզված եմ, որ առաջիկայում դա հայտնի կլինի հանրությանը: Իմ կարծիքով առաջիկա ընտրություններում Բարգավաճը չի հաղթելու, հաղթելու է Հանրապետական կուսակցությունը»:
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Սամվել Նիկոյանի հայտարարությունները, որ ինքը շատ խախտումներ է թույլ տվել, ինչի արդյունքում Հովիկ Աբրահամյանի հետ հեռացավ նաեւ իր թիմը, նա պատասխանեց. «Ես նման հայտարարությունից տեղյակ չեմ, եւ ընդհանրապես բացառում եմ, որ Նիկոյանը նման հայտարարություն է արել: Որեւէ խախտում մենք չենք իրականացրել: Իսկ ինչ վերաբերվում է աշխատակազմին, որոնք ինձ հետ հեռացել են, դա նրանց որոշումն է: Եվ ես բոլոր որոշումները հարգում եմ»:
«Համոզված եմ, որ արտաքին քաղաքականության մեջ մենք ունենք ձեռքբերումներ, տնտեսական առումով հաղթահարում ենք ճգնաժամի այդ գործընթացը, եւ 2012 թ.-ին կամրագրենք հաջողություններ, ու դա ես տեսնում եմ միայն հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտում, որը ցանկանում եմ, որ մեր ժողովուրդն ու քաղաքական ուժերը կատարեն 2012 թվականին: Ամենալավը այն է, որ մենք չունենք մեծ կորուստներ, ունենք ձեռքբերումներ: Առաջիկայում համոզված եմ, որ 2012 թ.-ին ունենալու ենք նաեւ ազատ ժողովրդավար ընտրություններ, գոնե մեր իշխանությունները, մեր Հանրապետական կուսակցությունը ձգտում է դրան, եւ կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն այդ գործընթացին»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը:
Իսկ ի՞նչ է ակնկալում Ձմեռ պապից: «Ձմեռ պապից ուզում եմ, որ մեզ տա ուժ, կորով, հանդուրժողականություն, որպեսզի այս լարվածությունը վերացվի»,- պատասխանեց ՀՊՏՀ խորհրդի նախագահը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ