Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ՀԱԿ-ի 4 ակտիվիստների դատավարության սկզբում, դատավոր Գ. Պողոսյանը մեղադրյալներից սկսեց տվյալներ ճշտել, կուսակցական պատկանելության, ընտանեկան կարգավիճակի, քրեական անցյալի մասին: Պարզվեց` Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը նախկինում դատված են եղել: Երբ դատավորը հետաքրքրվեց, թե ինչի՞ համար, նրանք ասացին, որ կրկին նմանատիպ մի գործով` խուլիգանության հոդվածով եւ անհիմն մեղադրանքով:
Տվյալների ներկայացման ընթացքում պարզ դարձավ նաեւ, որ Սարգիսը 9-ամյա միջնակարգ կրթություն ունի, Տիգրան Առաքելյանին ճարտարապետաշինարարության բուհի 4-րդ կուրսից հեռացրել են, իսկ Արտակ Կարապետյանը խնամքի տակ ունի 3-ամյա երեխա:
Aravot.am-ի հետ զրույցում Արտակն ասաց, որ իր բալիկը լավ է, որ դեռ չի հասկանում, թե ինչ գործով ու ինչի համար են իր հայրիկին փորձում դատել: Մեր հարցին` փոքր երեխա ունենալու հանգամանքը կարո՞ղ է օգնել գործին` Արտակ Կիրակոսյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ ոչ: Ցանկություն էլ չունեմ: Ես չեմ պատրաստվում երեխայիս բերել դատարան, որ մեղմացուցիչ լինի, ինձ խղճան: Խղճալու խնդիր չկա, միանշանակ ես բան չեմ արել, որ ինձ ներեն: Ընտանիքիս բոլոր անդամները զարմացած են, որովհետեւ ես ընդամենը դիմադրել եմ ապօրինություններին, ուրիշ ոչինչ չեմ արել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ