Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանին 3 մլն դրամ գրավի դիմաց էլ կալանքից չեն ազատելու

Դեկտեմբեր 27,2011 16:30

Այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գ. Պողոսյանի նախագահությամբ քննվեց օգոստոսի 9-ին ձերբակալված Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստներից 4-ի վերաբերյալ քրգործը:

Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի դատապաշտպանն իր պաշտպանյալների դեմ հարուցված վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացրեց, ասելով, որ իրականում ոստիկանության ներկայացուցիչների կողմից է եղել բռնություն եւ հիմա նրանք հանդես են գալիս որպես տուժող:

Մեղադրող կողմն ասաց, որ միջնորդությունը վաղաժամ է եւ առաջարկեց քննոււթյունը հետաձգել: Դատավորը գտավ, որ այն վաղաժամ չէ, բայց հետաձգեց միջնորդության լուծումը` մինչեւ ապացույցների հետազոտումը:

Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանն էլ միջնորդություն ներկայացրեց, որ կալանքը որպես խափանման միջոց վերացվի` փաստելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը հակասահմանադրական է: Վահե Գրիգորյանն առաջարկեց գրավ կիրառել` մինչեւ 3 մլն դրամի չափով` վստահեցնելով, թե Տիգրան Առաքելյանը չի կարող խոչընդոտել գործի ընթացքին եւ ոչ մի տեղ չի փախչի: Փաստաբանը մեղադրող կողմին խնդրեց ներկայացնել գոնե մի փաստ, որը բավարար է` կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Մեղադրողն էլ պատմեց. «Դեպքի օրը Տիգրան Առաքելյանին բաժին են բերել արյունոտ վերնաշապիկով: Հետո նա հայտնվել է մերկ վիճակում, դա մենք տեսնում ենք տեսանկարահանման մեջ: Մի քիչ ավելի ուշ հայտնվում է մաքուր վերնաշապիկով, բնականաբար, պարզ է, որ ոստիկանությունում նրան վերնաշապիկ մատուցած չեն լինի: Նա բերման է ենթարկվել միջադեպի իր ընկերների հետ: Սա վկայում է, թե նա ինչպիսի ներազդեցություն է ունեցել իր ընկերների վրա, որ կարողացել է նրանց միջոցով իր արյունոտ վերնաշապիկը դուրս հանել ոստիկանությունից»: Տիգրան Առաքելյանի հարազատները բարկացան. «Բավական չի Տիգրանին ջարդել են, շորերն արյունոտել, մի բան էլ դա իր դեմ են օգտագործում»:

Քիչ առաջ դատավորը կարդաց կալանքը որպես խափանման միջոց վերացնելու հետ կապված միջնորդության որոշումը` մերժելով այն եւ համարելով անհիմն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031