Նոր տարի, Ամանոր, Կաղանդ…Այս տոնը բնության եղանակային փոփոխության ամենամյա նորացման պայմանական սկիզբն է, որ այս կամ այն կերպ նշում են բոլոր ազգերը:
Այս տոնը հայերիս համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Սուրբ Ծնունդը: Իսկ Արեւմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում՝ հակառակն է: Նրանց համար Սուրբ Ծնունդը մի հիասքանչ տոն է, որ իրենից ներկայացնում է արձակուրդ, ընտանեկան ջերմություն և գեղեցիկ նվերներ:
Ըստ իս՝ այս տարբերակը ճիշտ է, վերջիվերջո Ամանորը ինքնին օրացույցային փոփոխման երևույթ է, և իր մեջ որևէ խորհուրդ չունի: Իսկ Սուրբ Ծնունդը ամբողջությամբ Խորին Խորհուրդ է՝ Աստծո Որդու Ծնունդը, որը մարդկության համար դառնում է նոր և անվերջանալի:
Հայերիս համար Ամանորի նախապատաստությունները իսկական քաոսի են վերածվում: Դեռ դեկտեմբերի սկզբից սկսում են գնումները: Եթե նույնիսկ ֆինանսական վիճակը չի ներում համապատասխան գնումներ կատարել, միևնույն է, ամեն ինչ պետք է ճոխ լինի, սև խավիարից սկսած, թեկուզև պարտքով:
Հայ կանայք ամեն հարմար պահի միշտ շեշտում են «Նոր տարին մեր համար չէ », դեկտեմբերի 29-ից մինչև 31-ը խոհանոցից դուրս չես գալիս, իսկ 31-ի գիշերը հոգնածությունը թույլ չի տալիս վայելել օրը և լիաթոք ուրախանալ, էլ չենք խոսում հունվարի 1-ից 6-ը ընկած ժամանակահատվածը, երբ ամեն րոպեն մեկ պետք է սեղանը թարմացնել, ամանները լվանալ-չորացնել, սեղանին շարել և նստել ու սպասել «ուտող-խմողների » հաջորդ խմբին: Ի՞նչ ասես, սա է հայ կնոջ «ճակատագիրը», մնում է համակերպվել:
Եթե հայերիս համար Սուրբ Ծնունդը և Ամանորը՝ իր նվերների, խոհանոցային խորտիկների և տան զարդարման ծախսերի պատճառով համարվում է տարվա ամենածախսատար օրը, ապա եվրոպական երկրների, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի, Շոտլանդիայի համար Սուրբ Ծնունդը ոչ թե «ուտել-խմելու » տոն է, այլ նվերներ տալու և ստանալու: Բրիտանացիները որքան հնարավոր է փորձում են տնտեսել այդ օրերին, ի հակադրություն մեզ: Չնայած Մեծ Բրիտանիան զբաղեցնում է աշխարհի առաջատար, զարգացած և հարուստ երկրների շարքը, բայց բնակչության միայն 60%-ն է ֆինանսապես պատրաստ Սուրբ Ծննդին: Իսկ, քանի որ Հայաստանը շատ «հարուստ » երկիր է, մենք 100%-ով պատրաստ ենք Ամանորին և դեռ պետք է հասցնենք զարմացնել խնամիներին, հարազատներին, կոլեգաներին և հարևաններին:
Մերի Խաչատրյան
ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի ուսանող
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»