Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ «ոտք» է դրել ֆիննախի վերահսկողության տեսչությունը՝ միլիոնների խախտումներ է գտել

Դեկտեմբեր 27,2011 16:05

Չկա մի պետական ոլորտ Հայաստանի Հանրապետությունում, որ խախտումներ չլինեն, սակայն խախտումների աննախադեպ մեծ ծավալների առումով պետական ոլորտների մեջ 1-ին տեղում կենսաթոշակային հիմնադրամն է: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը: Նրա ներկայացմամբ՝ կենսաթոշակային հիմնադրամի ենթակայության տակ գտնվող թոշակներ վճարող 51 կառույցում ստուգումներ են իրականացվել, եղել են այցելություններ տներ: Ըստ տեսչության պետի. « Համադրելով կենսաթոշակառուների տվյալները «Օվիրի», զագսի եւ մահվան բյուրոյի տվյալների հետ, բացահայտվել են 5,847 կենսաթոշակառուներ, որոնք մոտ 2 տարի բացակայել են Հայաստանից, սակայն այդ  2 տարվա ընթացքում 1.3 միլիարդ դրամի կենսաթոշակների անհիմն վճարումներ են եղել: Բացահայտվեցին 1,288 մահացած անձինք, որոնք ընդգրկված էին վճարման ցուցակներում, եւ որոնց անվամբ վճարվել են 105 միլիոն դրամ կենսաթոշակի եւ թաղման նպաստի ավել գումարներ: 4,602 կենսաթոշակառուներ էլ բացակայում էին բազաներից, բայց նրանց պետբյուջեից վճարվել է 2.3 միլիարդ դրամ»:

Սոնա Ղարիբյանի տվյալներով, խախտումներ են հայտնաբերվել նաեւ պետական եկամուտների կոմիտեի տարածքային բաժիններում. ավելին վճարված կամ թաքցրած հարկեր: Օրինակ՝ Գավառի հարկային տեսչությունում 2 հարկ վճարողներից, որից մեկը Գավառի համալսարանն է, հարկայինը 809 հազար դրամ ավել հարկ է գանձել: Տեսչության պետի վստահեցմամբ՝ իրենք առաջարկել են հարկայինի օրինազանց տեսուչին պատժել:

Ֆիննախի վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել նաեւ մարզպետարաններում եւ քաղաքային համայնքներում, իսկ որոշ գերատեսչություններում դրանք դեռեւս ավարտված չեն: Այնտեղ, որտեղ «ոտք» է դրել տեսչությունը, պարտադիր միլիոնների խախտումներ է հայտնաբերել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031