Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը

Դեկտեմբեր 27,2011 14:26

Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունները 2008-2011թթ. նախաձեռնեցին Ընտրական օրենսգրքի իրական եւ արմատական բարեփոխմանն ուղղված քայլեր` Ազգային ժողովի կողմից համապատասխան փոփոխություններն ընդունելու նպատակով: Վերահաստատելով դրանց ամբողջական իրականացման ուղղությամբ մեր պատրաստակամությունը եւ կարեւոր նշանակություն տալով ընտրական գործընթացների նկատմամբ լայն վերահսկողության ապահովման համար ուժերի համադրմանը, ստեղծված պայմաններում հանդես ենք գալիս հետեւյալ համատեղ հայտարարությամբ.

– կարեւորելով Հայաստանի ապագայի համար առաջիկա խորհրդարանական ընտրությունների բացառիկ նշանակությունը եւ դրանց արդյունքների հանդեպ հասարակության վստահության մեծացումը,

– նշելով, որ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության»` ցայժմ ԱԺ-ում ներկայացված եւ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանն ուղարկված առաջարկություններում ամփոփված են ընտրական իրավունքի պաշտպանության գաղափարի շուրջ միավորված մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների` ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ առաջարկները,

– ապահովելու համար պատգամավորական բոլոր մանդատների համարժեքությունն ու համապետականությունը եւ մեծացնելու քաղաքական ուժերի պատասխանատվությունը ընտրական գործընթացի ու խորհրդարան մուտք գործող անձանց համար,

– խնդիր ունենալով յուրաքանչյուր ընտրողի համար մեծացնել սեփական իշխանությունները ձեւավորելու հարցում իր քվեի նշանակությունը,

– ձգտելով հասնել հավասար մրցակցային պայմանների ապահովմանը,

– նվազեցնելու համար ընտրական գործընթացների վրա ոչ քաղաքական եւ ոչ ընտրական գործոնների ազդեցությունը,

– ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցում ընտրությունների նախաշեմին հասնելու համար քաղաքական բոլոր ուժերի համախոհությանը,

«Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն  կուսակցությունները.

–    Ողջունում են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի վերջերս հայտարարած դիրքորոշումը` ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման եւ վերահսկման հարցում:

–    Ազգային ժողովի մեծամասնությանն առաջարկում են Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, եւ գտնում են, որ համաձայնելով այս քայլին, իշխանությունները ցույց կտան իրենց պատրաստակամությունն ու քաղաքական կամքը` նախընտրական շրջանում ընդդիմության հետ համատեղ երկրում ձեւավորելու ներհասարակական հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտ:

–    Կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին` պաշտպանել այս նախաձեռնությունը:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն  կուսակցության Գերագույն Մարմին

27 դեկտեմբերի 2011թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031