ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կապանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այս օրերին ավարտին են հասցնում վերջին նախապատրաստությունները՝ եկող տարվանից համակարգում նոր կարգով աշխատելու համար:
2012 թվականին Սյունիքում կգործի միայն կադաստրի մարզային կառույցը՝ Կապանում, մնացած գրասենյակները՝ շատ ավելի քիչ դեր կունենան: Այժմ Սիսիանի, Գորիսի եւ Մեղրու գրասենյակներից Կապան են բերվում արխիվային նյութերը:
«Բոլոր արխիվները կտեղափոխվեն մեզ մոտ, մինչեւ տարվա վերջ պետք է հասցնենք ավարտել այդ աշխատանքները: Եկող տարվանից էլեկտրոնային տարբերակով է նախատեսվում մեր աշխատանքը: Դիմումատուն դիմում է ներկայացնելու մարզի քաղաքներում տեղակայված գրասենյակներ, կամ այլ քաղաքում գտնվելիս, տվյալ քաղաքի գրասենյակ, որտեղից էլ էլեկտրոնային ձեւով ուղարկվելու է մարզային կառույց: Գրանցումն այստեղ կատարելուց հետո ետ է ուղարկվում քաղաքացուն: Այդ տարբերակով աշխատակիցների հետ շփումը կպակասի եւ կնվազեն նաեւ կոռուպցիոն ռիսկերը: Որոշակի նոտարական գործարքները նույնպես մեզ վրա են լինելու` հիմնականում առք ու վաճառք, նվիրատվություն, փոխանակություն, որոնք անվճար են կատարվելու կադաստրի կողմից», – տեղեկացնում է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կապանի ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանը:
Զրուցակցիս խոսքով, այս տարի, նախորդ տարվա համեմատ, նվազել են բնակարանների առքուվաճառքի գործարքները, փոխարենն ավելացել են նվիրատվությունները, ժառանգությունները եւ այլ գործարքները:
Կարդացեք նաև
Անցնող տարում Կապանում ցածր են եղել բնակարանների շուկայական գները: Կադաստրի պատասխանատուների փոխանցմամբ` 2000 թվականից հետո բնակարանների կադաստրային գները, շուկայական գների համեմատ, սկսել են նվազել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ