Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկահենությո՞ւն

Դեկտեմբեր 27,2011 14:03

Վերջերս բազմաթիվ բացահայտումներ տեղի ունեցան սփյուռքահայ ներդրողների նկատմամբ իրականացվող հետապնդումների, նրանց բիզնեսը խլելու, այդ նպատակով անգամ իրավապահ մարմիններին ներգրավելով կալանավորելու և բազմաթիվ այլ անարդարությունների մասին: Խնդիրն այնքան լուրջ է, որ քաղաքացիական հասարակության ակտիվ անդամների կողմից սփյուռքահայ ներդրողների պաշտպանության նախաձեռնություն ստեղծվեց:

Հայաստանի տնտեսության մեջ այդպիսի ներդրողներից է Ալեքսանդր Վարտանովը, որը լինելով ՌԴ քաղաքացի, ներդրումներ է կատարել ՀՀ-ում և 1995թ.-ից դարձել «Ադանա բանկ» ՍՊԸ-ի նշանակալից մասնակից, իսկ 25.03.1999թ.-ից՝ խորհրդի նախագահ: Նրա կինը՝ Նունիկ Մկրտումյանը նույնպես հանդիսացել է նույն բանկի նշանակալից մասնակից:

ՀՀ կենտրոնական բանկի 27.02.2002թ. որոշումներով անվճարունակ է ճանաչվել «Արդշինբանկ» ԲԲԸ-ն, որի հիման վրա էլ «Ադանա բանկ» ՍՊԸ-ն, որպեսզի միացվի «Արդշինբանկ» ԲԲԸ-ին: Այս ամենը կատարվել է առանց Վարտանովի գիտույթան, նրանից գաղտնի, մի քանի տողանոց գրության հիման վրա, մի քանի րոպեում:

Վարտանովը չիմանալով, թե իր բանկն ինչու է անվճարունակ ճանաչվել, ինչու է միացվել «Արդշինբանկին», բայց և վստահ լինելով, որ «Ադանա Բանկն» անվճարունակ չի եղել, բազմիցս դիմել է Կենտրոնական բանկին՝ խնդրելով տրամադրել անվճարունակ ճանաչելու վերաբերյալ որոշումները և դրանց հիմքում դրված փաստաթղթերը, որպեսզի դրանք բողոքարկի դատարանում:

Կենտրոնական բանկը Վարտանովին չի տրամադրում պահանջվող որոշումները, պատճառաբանությամբ, որ դրանք բանկային գաղտնիք են պարունակում:

Վարտանովը փաստաթղթերը տրամադրելու պահանջով դիմել է դատարան, որտեղ նույնպես մերժվել է, նույն՝ բանկային գաղտնիքի պատճառաբանությամբ:

Ձեռքի տակ չունենալով «Ադանա բանկը» անվճարունակ ճանաչելու մասին կենտրոնական բանկի որոշումները և տեղյակ չլինելով, թե այնուամենայնիվ ինչու են բանկն անվճարունակ ճանաչել, որոշում է հենց այդպես դիմել դատարան և վիճարկել կենտրոնական բանկի որոշումները, հույս ունենալով, որ դատարանը դրանց օրինականությունը որոշելու համար կպահանջի վիճարկվող որոշումները:

Ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ վարչական դատարանները Վարտանովի հայցերը վարույթ չեն ընդունում, նրան զրկելով դատական պաշտպանության իրավունքից: Վարչական դատարանի որոշումը բողոքարկման փուլում է:

Բանկի մյուս նշանակալից մասնակից Ն. Մկրտումյանը տեղեկանալով, որ սնանկության գործընթացի ժամանակ չնչին գներով օտարվում են բանկի ակտիվները, անտոկոս և անապահով վարկեր են տրամադրվում տարբեր անձանց, իր հերթին է դիմում դատարան և պահանջում այդ գործարքների վերաբերյալ փաստաթղթերը և որոշ այլ փաստաթղթեր, որոնցով հնարավոր կլինի վերահսկել բանկի ակտիվների անկառավարելի փոշիացումը և իր սեփականազրկումը: Մի քանի տարի տևած դատական քաշքշուկից հետո նրա հայցը բավարարվում է, սակայն մինչ օրս անհրաժեշտ փաստաթղթերը Ն. Մկրտումյանին չեն տրամադրվել, այն պատճառաբանությամբ, որ դրանք չեն գտնվում: Սա այն դեպքում, երբ դատարանը հայցի ապահովման միջոց էր ձեռնարկել և լուծարվող բանկին պարտավորեցրել որևէ տեղ չտեղափոխել և չոչնչացնել պահանջվող փաստաթղթերը:

Մասնագիտության բերումով շփվում եմ բազմաթիվ ներդրողների հետ, որոնք ինձանից խորհուրդներ են հարցնում Հայաստանում ներդրումային միջավայրի, ներդրումների իրավական պաշտպանվածության վերաբերյալ և ես ստիպված եմ այդ հարցադրումներին պատասխանել, ռիսկերը բացատրել, տեղեկացնել, որ մի կողմից կա օտարերկրյա ներդրումների մասին օրենք ու դրանով երաշխավորված իրավունքներ, կան դատարաններ, ներդրողներին խրախուսելու մասին հայտարարություններ, իսկ մյուս կողմից՝ Վարտանովների, Հարթունյանների, Վալերի–Աշխեն Գործունյանի  և այլոց փաստացի օրինակներ: Եվ ամեն անգամ մոտս հարց է ծագում. ինչպե՞ս կարելի է մի կողմից հայտարարել, որ պետությունը օտարերկրյա ներդրումները խրախուսող քաղաքականություն է վարում, սակայն մյուս կողմից ներդրողին չտրամադրել պետական մարմնի (ԿԲ-ի) այն որոշումը, որով իր բանկն անվճարունակ է ճանաչվել ու մի քանի միլիոն դոլարի վնաս պատճառվել, ինչպե՞ս կարող է օտարերկրյա ներդրողը վստահորեն ներդրում կատարել մի միջավայրում, որտեղ մի քանի րոպեում իրեն ունեզրկելու են և նա զրկված է լինելու անգամ դատարանի մատչելիության, էլ չեմ ասում՝ արդար դատաքննության իրավունքից:

Վարտանովի հետ կատարվածը օտարերկրյա ներդրողի նկատմամբ խտրական վերաբերմունքի տիպիկ օրինակ է, քանի որ բանկի այն մասնակիցները, որոնք ՀՀ քաղաքացի են, ստացել են Կենտրոնական բանկի որոշումները և դրանք դատարանում բողոքարկելու հնարավորություն, այն դեպքում, երբ Վարտանովին, որ նաև բանկի խորհրդի նախագահն է եղել, մերժել են որոշումների տրամադրումը՝ ՌԴ քաղաքացի լինելու պատճառաբանությամբ:

Ստացվում է, որ օտարերկրյա ներդրողները չունեն օրենսդրական և դատական պաշտպանության իրական երաշխիքներ, ավելին, խտրական վիճակում են գտնվում ՀՀ քաղաքացիների համեմատությամբ, թեև օրենքով է դա արգելված:

Ուրեմն ինչպե՞ս կարող է երաշխավորվել օտարերկրյա ներդրողը:

Ակնհայտ է, որ միակ իրական երաշխիքը՝ հովանավորչությունն է, «կրիշա» կանգնելը, որով էլ երաշխավորվում են օտարերկրյա ներդրումները: Այսինքն՝ օտարերկրյա ներդրումները խրախուսող պետական քաղաքականությունը հիմնված է հովանավորչության վրա, որը, սակայն, քաղաքակիրթ երկրների կողմից մերժված և իրականում մեծածավալ ներդրումներ չապահովող միջոց է: Համոզվելու համար նշվածի ճշմարտացիության մեջ, վերցնենք Վրաստանի օրինակը, որտեղ օտարերկրյա ներդրումների խրախուսման պետական քաղաքականությունը հիմնված է իրավական երաշխիքներ սահմանելու վրա և հանրահայտ փաստ է, թե Վրաստանում ինչ ծավալների են հասել այդ ներդրումները, իսկ Հայաստանից ներդրողները փախչում են:

Կարեն Մեժլումյան                       

Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031