Երիտասարդ թատերագետը վերընտրվեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ
Ազգային սովորության մղումով մեզանում ոչ միայն մշակութային զուգահեռ կառույցներ են գործում (պարարվեստի, գրողների, կոմպոզիտորների եւ այլն), այլեւ 2 տարին մեկ դրանց համագումարներն են անցկացվում: Օրերս կայացած Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) համագումարից անմիջապես հետո, երեկ Կամերային թատրոնում հրավիրվել էր Ազգային թատերական ստեղծագործական միավորման (ԱԹՍՄ) համագումարը: Հիշեցնենք, որ այս երիտասարդ միավորումը, որի անդամները (շուրջ 200) նույնպես երիտասարդ են, հիմնվել է 2006թ.՝ ռեժիսորներ Ռուբեն Բաբայանի, Արա Երնջակյանի, Արմեն Մազմանյանի նախաձեռնությամբ: Մինչ 2009-ը ԱԹՍՄ-ն նախագահել է Ռ. Բաբայանը, այնուհետեւ՝ թատերագետ Արա Խզմալյանը:
Ի տարբերություն մյուս ստեղծագործական միությունների, նույն արվեստագետը կարող է անդամակցել եւ ՀԹԳՄ-ին, եւ ԱԹՍՄ-ին:
ԱԹՍՄ համագումարը բացվեց 2 ֆիլմ-հաշվետվությունների ցուցադրությամբ՝ «Դրամատուրգիայի միջազգային փառատոն» եւ «Թատրոն-X»: Հետո ոչ միայն ստեղծագործական, այլեւ ֆինանսական հաշվետվությամբ հանդես եկավ գործող նախագահ Արա Խզմալյանը: Նրա հաշվետվության «մեխերն» էին մարզային թատրոններն ու աջակցությունը երիտասարդներին, 2007թ.-ից ավանդական դարձած «Թատրոն-X» փառատոնը եւ առաջին անգամ մեզանում անցկացվող դրամատուրգիական ընթերցումները (2009թ.), որը հետագայում վերաճեց միջազգայինի: Իր խոսքում Ա. Խզմալյանը նշեց, որ թատրոնների կառավարման մեխանիզմներն ունեն փոփոխության անհրաժեշտություն հատկապես մարզերում, քանի որ այնտեղ թատրոններն են, որ ակտիվ մշակութային հաստատություններ են. «Ցանկություն ունենք մարզային թատրոնների ռեսուրսներն օգտագործելով՝ պայմաններ ստեղծել կրթամշակութային այլ նախագծերի, մարզերի ու մայրաքաղաքի մշակութային անջրպետը նվազեցնելու համար: Անհրաժեշտ է բացի եզակի ակցիաներից (ներկայացումներ, համերգներ եւ այլն), ընդլայնել բանավոր շփման կոնտեքստը ստեղծագործողների միջեւ, կլոր սեղան-քննարկումների, սեմինարների, ստեղծագործական երեկոների եւ այլնի միջոցով»: Ինչպես ՀԹԳՄ-ի համագումարում, այնպես էլ այստեղ, ռեպլիկներ հնչեցին ԱԺ-ում տարիներ շարունակ «քնած» «Թատրոնի մասին» օրենքի շուրջ: Ի պատասխան՝ Ա. Խզմալյանն ասաց, որ վերընտրվելու դեպքում Ամանորի տոներից հետո կխնդրի ԱԺ-ից օրենքի պատճենը՝ քննարկումներ ծավալելու նպատակով. «Վստահ եմ, որ Թատերական գործիչների միության գործընկերներս էլ համակարծիք կլինեն, որ սա ընդհանուր վրիպում է: Չգիտես ինչու, ոլորտին վերաբերող խնդիրներից անտեղյակ են բուն ոլորտի ներկայացուցիչները»: Ընդունված կարգի համաձայն, եղան նաեւ ելույթներ: Առաջարկ եղավ, որ վերանայվի հ/կ-ների մասին օրենքը, թույլատրելու ստեղծագործական միություններին 4 տարին մեկ անցկացնել համագումար՝ 2-ի փոխարեն, թեեւ այս հարցով տարիներ շարունակ արվեստագետները դիմում են եւ ԱԺ-ին, եւ արդարադատության նախարարություն: Ինչպես ՀԹԳՄ, այնպես էլ այս միավորման համագումարում նախագահի նոր թեկնածուներ չառաջարկվեցին: Փոխարենը հնչեցին ռեպլիկներ, թե ով կամավոր նման բեռի տակ կմտնի: Արդյունքում՝ երկրորդ անգամ համագումարի պատվիրակները ԱԹՍՄ նախագահ ընտրեցին Արա Խզմալյանին:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ