Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Տանը նստած՝ աշխատանքի հրավեր չեն ստանում

Դեկտեմբեր 27,2011 13:50

Կամ ինչ անեն ուսանողները՝ լավ աշխատանք ունենալու համար

Այսօր արդիական չէ «մեկ մասնագիտություն ամբողջ կյանքի ընթացքում» սկզբունքը: Մրցակցության դար է՝ աշխատաշուկայից դուրս է մնում միջին հնարավորություններ ու գիտելիքներ ունեցող մարդը, իսկ աշխատում է նա, ով ավելի ուժեղ է: Մեր երկրում լավ մասնագետների կարիք կա յուրաքանչյուր մասնագիտության առումով, բայց բոլորը չէ, որ կարող են լավ մասնագետ լինել: Պահանջված են տնտեսագետները, ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա բաժնի, բանկային, IT, դեղագործական, սպասարկման ոլորտի մասնագետները: Զարգանում են միկրոբժշկությունն ու ֆիզիկան: Նոր մասնագիտություններ էլ կան՝ մեխատրոնիկա, ծերերի խնամք: «Աշխատաշուկայում ավելի հեշտ է ներգրավվել բնագիտական, տեխնիկական, քան թե հումանիտար կրթությամբ ուսանողների, օրինակ՝ հայ, ռուս բանասերների համար: Նրանք մեծ պահանջարկ չունեն, քանի որ մանկավարժական գործունեությունից բացի, ներգրավվելու ոլորտները շատ քիչ են»,-մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ-ի շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Նրա խոսքով. «Օրինակ՝ առաջ երբ ռուսական դպրոցները շատ էին, ռուս բանասերների պահանջարկն էլ կար: Այժմ մեր տնտեսական վիճակը թույլ չի տալիս, որ այդ մարդիկ ներգրավվեն աշխատաշուկայում»:

Ցավալի է, որ երիտասարդների մեծ մասն է ընտրում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններով մասնագիտություններ, այն դեպքում, երբ լավ զոդողներ, բանվորներ, արհեստավորներ չունենք: «Իրանից ենք զոդողներ հրավիրում Հայաստան: Բայց շատ հնարավոր է, որ իրավաբան կամ տնտեսագետ դառնալ ցանկացող ուսանողը հոյակապ զոդող, ժամագործ լինի»,- մտահոգված է մեր զրուցակիցը: Եզրակացությունը մեկն է՝ այսօր կարեւորվում է ոչ թե կրթությունը, այլ դիպլոմը: «Իր վերջին կովն էլ գյուղացին կարող է ծախել՝ երեխային բարձրագույն կրթություն տալու համար, թեեւ նույն գյուղում գյուղատնտեսական մասնագիտությունների կարիքը շատ ավելի մեծ է»,- անհանգստացած է Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը: «Մենք մասնագետների գերարտադրություն ունենք մանկավարժության եւ իրավաբանության ոլորտում, երբ, ասենք, մարզային, գյուղական համայնքներում շատ դպրոցներ մանկավարժների կարիք ունեն»,-ավելացրեց Հայկուհին: Այն համոզմամբ, որ մասնագիտական ոչ ճիշտ կողմնորոշումը եւս կարող է հանգեցնել երկարատեւ գործազրկության, իսկ զբաղվածության բացակայությունը՝ մեծ թվով ուղեղների հոսքի ու միգրացիայի, Հայկուհին փաստեց, որ մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման քաղաքականություն մշակելու մոդելն արդեն քննարկվել է, հայեցակարգն ավարտուն տեսքի բերելուց կներկայացնեն կառավարությանը: Իսկ գործազրկությունից խուսափելու համար իմ զրուցակիցները խորհուրդ են տալիս՝ առաջին կուրսից սկսած մտածել աշխատանքի մասին եւ հստակ արձագանքել գործատուի ներկայացրած պահանջներին, որոնք են՝ լեզուների, համակարգչի իմացություն, մասնագիտության, թիմային աշխատանքի տիրապետում, ներկայացուցչական լինել, պատասխանատվության զգացում: «Դա հայկական երազանք է, երբ զանգում ու տանը նստած ուսանողներին աշխատանք ենք առաջարկում՝ անհեթեթ պատասխաններ լսելով՝ հիմա չեմ ուզում, կնայեմ՝ կորոշեմ, հարմար չէ, հավես չունեմ, աշխատավարձն է քիչ: Մարդը աշխատանք չունի, բայց աշխատելու շատ մեծ ցանկությամբ էլ աչքի չի ընկնում»,- փոքր-ինչ զարմացած է Լիլիթը՝ ամենեւին չժխտելով, որ աշխատասեր ու նպատակասլաց ուսանողներ էլ կան, ովքեր մասնագիտական, անձնային բարձր որակներ ունեն եւ աշխատաշուկայում պահանջված են: Հայկուհին էլ մտահոգված է. «Երիտասարդների կեսից ավելին կամ իր մասնագիտությամբ չի աշխատում, կամ էլ տանը նստած՝ սպասում է, թե երբ պետությունը իր համար աշխատատեղ կտեղծի: Հարց է առաջանում՝ երիտասարդը աշխատանք չունի, քանի որ իր մասնագիտությունը մրցունակ չէ՞, թե՞ պարզապես աշխատանք չի փնտրում»:

ՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031