Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստիս անձնագրում գրված է հայ»

Դեկտեմբեր 27,2011 13:32

Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանները:

Ասում է ջութակահար Սերգեյ Խաչատրյանը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) 2011-ի վերջին համերգը նվիրեց նվագախմբի հիմնադրման 85-ամյակին: Կոլեկտիվը տարբեր տարիների գլխավորել են Ա. Ադամյանը, Ա. Սպենդիարյանը, Ս. Չարեքյանը, Գ. Բուդաղյանը, Կ. Սարաջյանը, Մ. Մալունցյանը, Օ. Դուրյանը, Մ. Տերյանը, Դ. Խանջյանը, Վ. Գերգիեւը, Լ. Ճգնավորյանը եւ այլք: 2000թ.-ից նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Այս կոլեկտիվի հետ համագործակցել են մեծանուն երաժիշտներ Ա. Մելիք- Փաշայանը, Կ. Մազուրը, Դ. Օյստրախը, Ս. Ռիխտերը, Մ. Ռոստրոպովիչը, Ռ. Բրուզոնը, Ս. Իսերլիսը, Դ. Գերինգասը եւ այլ հրավիրյալներ, ինչպես նաեւ հայաստանյան բարձրակարգ կատարողներ: 1989թ.-ից նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում, Թուրքիայում, Ճապոնիայում եւ այլուր:

Դեկտեմբերի 24-ի հոբելյանական համերգին հնչեց նաեւ ջութակի գրականության բարդ գործերից՝ Բեթհովենի Կոնցերտը, որի տեխնիկական հագեցվածությունը եւ հարուստ բովանդակությունը կատարողից պահանջում են բարձր կուլտուրա եւ լիակատար հասունություն, ինչը նվագախմբի ընկերակցությամբ անթերի մատուցեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: 26-ամյա ջութակահարը առանձնապես ներկայացնելու կարիք չունի: Միայն նշենք, որ նա հանդես է եկել Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեռլինի, Լոնդոնի եւ այլ ճանաչված նվագախմբերի հետ, Կ. Մազուրի, Վ. Գերգիեւի, Բ. Հայթինգի եւ այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ:

«Առավոտի» հետ զրույցում Սերգեյ Խաչատրյանը հայտնեց, որ անգլիական Askonas Holt պրոդյուսերական կենտրոնը պլանավորել է 2012թ. իր համերգային գործունեությունը. «Հանդես կգամ Բեռլինի, Բամբերգի, Փարիզի, Չինաստանի նվագախմբերի հետ: Քրոջս՝ դաշնակահարուհի Լուսինեի հետ, համատեղ համերգներ կունենանք Չիկագոյում, Փարիզում, Բրյուսելում, Սան Ֆրանցիսկոյում եւ այլուր, չի բացառվում՝ նաեւ Հայաստանում»:

Ռեպլիկին, թե արտերկրում բնակվող եւ ստեղծագործող եզակի արվեստագետներից է, որ հաճախ է հանդես գալիս հայրենիքում, մեր զրուցակիցը ասաց. «Այս տարի երկրորդ այցս է Հայաստան: Սեպտեմբերին հանդես եկա համերգով՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորներ Բաբաջանյանի եւ Միրզոյանի ծննդյան հոբելյաններին: Իհարկե, ցանկություն կա ավելի հաճախ լինել հայրենիքում, բայց, հասկանալի պատճառներով, դա անհնար է, թեեւ հնարավորինս ոչ մի առիթ ու հրավեր բաց չեմ թողնում Հայաստանում լինելու համար: Այսինքն՝ ինչո՞ւ եմ ասում այս ամենը, այդպես էլ պետք է լինի, երկիրս այլ կերպ է ձգում: Աշխարհին հայտնի է, որ արվեստիս անձնագրում «ազգությունը» հարցման դիմաց գրված է՝ հայ»:

Եվ քանի որ մարդկանց հետաքրքրում է հանրահայտ արվեստագետների ոչ միայն ստեղծագործական, այլեւ անձնական կյանքը, հետաքրքրվեցինք, թե այս «մասով» որեւէ «առաջխաղացում» կա՞, եթե այո, ապա հայուհի՞ է ընտրյալը: «Այս պահին՝ ոչ: Դժվար է ասել, թե երբ կլինի եւ որ ազգից, քանի որ մշտապես շրջում եմ աշխարհում… Անկասկած, ցանկալի է, որ նա լինի հայուհի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031