Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ անտեսել համայնքի բնակչի կարծիքը»

Դեկտեմբեր 27,2011 13:25

Թեեւ ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը», սակայն կան գյուղապետեր ու փորձագետներ, որ դեմ են դրան:

2012 թվականը հանրապետության 912 համայնքների կյանքում, թերեւս՝ շրջադարձային լինի: Նոր տարվանից կառավարությունը կսկսի կյանքի կոչել համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման գործընթացը: Նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը»: Փաստաթուղթը մշակվում-քննարկվում է արդեն մի քանի տարի: Այս քննարկումներում փորձնական ընտրված էր երեք մարզի յոթ համայնք. Գեղարքունիքում՝ Վերին, Ներքին Շորժաներ եւ Այրք, Շիրակի մարզում՝ Հոռոմ ու Հովտաշեն, Սյունիքում՝ Թասիկ ու Թանահատ:

Գյուղապետերը դեմ էին խոշորացմանը: Այն ժամանակ հանուն չմիավորվելու՝ Վերին Շորժայի եւ Հովտամեջի գյուղապետերը որոշ գաղտնիքներ բացահայտեցին: Առաջինն ասաց, թե 28 բնակչով իրենց գյուղի հարեւան Այրքում իրականում չկա 471 բնակիչ, դրանք պարզապես գրանցված մարդիկ են: Հովտամեջի գյուղապետն էլ հայտարարեց, որ հարեւան Հոռոմը գրավել է իրենց հողերից 300 հեկտար: «Մարզպետն ու փոխմարզպետը մեր գյուղի տեղը չգիտեն, հենց հիմա՞ պիտի իմանային եւ մեզ խոշորացնեին: Ես դեմ եմ: Խոշորացնեք՝ մեր գյուղը կկորի»,- հայտարարեց գյուղապետ, ՀՅԴ-ական Սեյրան Փիլոսյանը:

Հազիվ 120 բնակիչ ունեցող Ներքին Շորժայի գյուղապետ, հանրապետական Էդիկ Մինասյանն ասաց, որ պատրաստ են անգամ հրաժարվել պետական բյուջեից՝ տարեկան 2 միլիոն դրամ սուբսիդիայից: Միայն չմիավորվեն: («Առավոտ», 8 հոկտեմբերի 2009՝ «Համայնքապետերը դեմ են խոշորացմանը», https://www.aravot.am/old/am/ articles/regions/70525/view, 12 դեկտեմբերի 2009՝ «ՏԻՄ-ը սոցիալական նպաստ չէ», https://www.aravot.am/old/am/articles

/regions/73673/view, 22 նոյեմբերի 2011՝ «Էլի մի հայեցակարգ. եթե միավորվեն եւ խոշորանան Վայոց ձորի համայնքները, տարեկան կտնտեսվի մոտ 150 միլիոն դրամ՝ 55 վարչական աշխատողի կրճատման, 12 գյուղական գրադարանի եւ 5 մանկապարտեզի փակման արդյունքում https://www.aravot.am/2011/11/22/9314/»):

«Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգի» իրականացման առավելությունները ներկայացված են Վայոց ձորի օրինակով, ուր 41 գյուղ կա: Այսօր Հայաստանի 912 համայնքներից 60-ում ապրում է մինչեւ 300 մարդ: Այս 60-ից ութում՝ 100-ից էլ պակաս մարդ:

Տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացմանը խոչընդոտող գործող վարչատարածքային բաժանումը, որն, ըստ որոշ համայնքապետերի՝ անհավասար պայմաններ է ստեղծում բնակիչների կենսապահովման ու, հետեւապես՝ միջոցների գոյացման համար, թույլ չի տալիս համայնքներին համաչափ զարգանալ: Արմավիրի մարզի Հայթաղի գյուղապետ Սամվել Վարդանյանը, սակայն, համայնքների անհամաչափ զարգացումը վերագրում է հիմնականում հանրապետության բարձրադիր գյուղերին: Նրա պատկերավոր նկարագրությամբ՝ ամենամեծ մեղավ որը գյուղերի աշխարհագրական դիրքն է, որը բնական խոչընդոտ է համայնքների ինքնակառավարման համար: Նրա կարծիքով՝ այդ համայնքների ղեկավարման համար կարելի է կենտրոնացած մի մարմին ստեղծել եւ մեկ միասնական բյուջեով կղեկավարվեն համայնքները: Իսկ Արարատյան դաշտի գյուղական համայքների դեպքում, Հայթաղի ղեկավարի դիտարկմամբ՝ խոշորացումը արդարացված չէ: «Այստեղ, համայնքները, որ ֆիզիկական առումով հավասար հարթության վրա են, հիմնականում 2000-ից ավելի բնակիչ ունեն: Իսկ դա նշանակում է՝ գյուղն իր հավաքագրումներով ի վիճակի է ինքնակառավարվել: Այլ է խնդիրը Արմավիրի մարզի Ֆերիկի նման գյուղի համար, որը 300 բնակիչ ունի: Կարծում եմ՝ Արարատյան հարթավայրի համայնքների միավորման հարցում վերանայումը անխուսափելի է»: Համայնքների միավորման, ինչպես նաեւ միջհամայնքային միավորումներ ստեղծելու մասին այլ կարծիք ունի Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի ղեկավար Բագրատ Հովհաննիսյանը: Հիմնվելով խորհրդային փորձի վրա, երբ միավորված համայնքները ղեկավարում էին գյուղխորհուրդները, նա կարծում է, որ ճիշտը միավորելն է: «Այդպես եւ հավաքագրումները շատ կլինեն, եւ ծախսերը՝ նպատակային ու արդարացված»,- կարծում է նա: «Երաշխիք չկա, որ 2-3 համայնք միավորվեն՝ կարող են ճիշտ կառավարվել: Որքան մեծանան, այնքան ավելանալու են խնդիրները, մեծանալու են ծախսերը»,- հակադարձեց Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի (ԳԱՖ) նախագահ Վարդան Համբարձումյանը: Առհասարակ՝ միավորումներին դեմ չլինելով, վերջինս դեմ է, սակայն, որ դրանք արվեն պետական որոշումներով ու հրահանգներով: «Երբ նման միավորումները կլինեն ինքնաբերաբար, ասենք՝ բնականոն եղանակով, դեմ գնալն անիմաստ կլինի: Բայց արհեստականորեն տանել դրան՝ կնշանակի գյուղերին կկանգնեցնի ձախողման առաջ: Համայնքների զարգացումը մի քանի տարով էլ հետընթաց կապրի: Մենք ունեցել ենք Սովետմիության տխրահռչակ փորձը: Տեսա՞ք ինչ եղավ. բոլոր պետությունները հայտնվեցին վատ վիճակում»,- վստահ է Վարդան Համբարձումյանը:

Համայնքների խոշորացմանը դեմ գյուղապետերից մեկը չցանկացավ ներկայանալ, բայց փորձեց հարցը տեղափոխել գործնական տիրույթ: «Ենթադրենք 300 բնակիչ ունեցող համայնքը միավորել են 2500 բնակիչ ունեցող համայնքի հետ: Պատկերացնո՞ւմ եք պատկերը հարկերը հավաքագրելիս: Ինչի՞ պետք է շատ հարկվող գյուղի բնակիչները համաձայնեն իրենց գումարների հաշվին, ասենք՝ ասֆալտապատվի այն փոքր գյուղի փողոցը կամ լուսավորության խնդիր լուծվի: Լուրջ է, շատ լուրջ է: Թեթեւ վերաբերվել չի կարելի»,- նկատեց նա:

ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031