Գիշերային հաշվիչներն ու էլցանցին միանալը էժան կնստեն
Տասնյակ գործարարներ եւ շարքային բնակիչներ դժգոհությամբ պարբերաբար դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ ՀՀ կառավարություն՝ բողոքելով, թե տան կամ օբյեկտի շինարարությունն ավարտելուց հետո էլեկտրաէներգիայի հարցը լուծելու համար երկար ժամանակ է պահանջվում: Մինչ «Հայէլցանցերը» փաստաթղթերն ուսումնասիրի, ենթակայաններ կառուցի ու միացում կատարի՝ ամիսներ են անցնում: Այս խնդիրները լուծելու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետներն ուսումնասիրելով միջազգային փորձը՝ այս հարցի լուծումը գտել են: «Առավոտի» հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանն ասաց՝ եթե նախկինում բաժանորդը 200 վոլտ էլեկտրաէներգիա ունենալու համար 90 օր պարտադիր պիտի սպասեր, ապա այսօր ընդամենը՝ 30 օր, իսկ 380 վոլտի դեպքում (սա այն հզորությունն է, որը հիմնականում օգտագործում են ձեռնարկություններում) նախկինում 9 ամիս էր ժամկետը, ներկայում՝ կախված հզորությունից՝ 30 օրից 4.5 ամիս: Ընդ որում, միացման համար սակագներն էլ բավականին իջել են: Պարոն Բուդաղյանի տվյալներով՝ առեւտրային ընկերությունների համար 220 վոլտ լարման էլեկտրաէներգիա քաշելու համար սահմանված էր 344 հազար դրամ, այսօր՝ 65 հազար: Այս սակագները մարզերում եւս իջել են՝ նախկին 222 հազարի փոխարեն ներկայում գյուղացին պետք է վճարի 53 հազար դրամ:
Պարոն Բուդաղյանի խոսքերով՝ լինում էին դեպքեր, երբ փոքր բիզնես սկսող գործարարը ավելի շատ վճարում էր էլցանցերին միանալու համար, քան ինքը ներդրում էր կատարել իր սկսնակ գործում: «Առավոտի» այն դիտարկմանը՝ եթե հնարավոր էր այդքան մատչելի գներով էլցանցի բաժանորդ դառնալ, ինչո՞ւ հանձնաժողովն այս հարցն ավելի շուտ չի վերանայել եւ միայն դժգոհություններից հետո է արձագանքել, հատկապես, որ այս հանձնաժողովը ստեղծված է հանրության համար, վարչության պետն ասաց. «Այս համակարգը ներդրել ենք 3-4 տարի առաջ ու հաջորդականությամբ անդրադառնում ենք խնդիրներին: Միջազգային փորձն էլ ուսումնասիրելուց հետո մենք հասկացանք, որ այս ոլորտում բավականին հետ ենք եւ որոշեցինք առաջատար երկրների փորձը ներդնել մեզ մոտ»:
Հանձնաժողովը մի նորամուծություն էլ երկսակագնային (գիշերային) հաշվիչների մասով է արել. եկող տարվա ապրիլի 1-ից երկսակագնային հաշվիչներ ձեռք բերել եւ տեղադրելը սպառողների համար շատ ավելի ձեռնտու կլինի: Եթե այսօր գիշերային հաշվիչներ տեղադրելու համար սպառողը պետք է 20 հազար դրամ վճարի, ապա այդ գումարը ապրիլի 1-ից կդառնա 10 հազար դրամ: Այդ գումարը, որպես կանխավճար, 1 տարի հետո սպառողի հաշվին է նստելու, ինչը որքան ժամկետում սպառողն ուզի՝ կսպառի: «Հույս ունենք, որ ավելի շատ սպառողներ կօգտվեն երկսակագնային հաշվիչներից: Գումարը վճարելուց հետո, ընդամենը 10 աշխատանքային օրվա ընթացքում, հաշվիչը կտեղադրվի»,- վստահեցրեց Ա. Բուդաղյանը: Նրա ներկայացմամբ՝ երկսակագնային հաշվիչներ ձեռք բերելու համար նաեւ արտոնություններ են սահմանել առեւտրային սպառողների համար: Օրինակ՝ այն օբյեկտները, որոնք օգտվում են էլեկտրաէներգիայի եռաֆազ մալուխներից, եթե այսօր երկսակագնային հաշվիչների համար պետք է վճարեն 120 հազար դրամ, ապա ապրիլի 1-ից կվճարեն 50 հազար դրամ:
Մեր այն հարցին, թե ինչպես են համոզել «Հայէլցանցերին», որպեսզի այդ ծառայություններն այդքան զեղչի, պարոն Բուդաղյանն ասաց. «Դա ընկալվում է որպես ներդրումների մի մաս, որը «Հայէլցանցերը» պետք է անի, ներդրումն էլ փոխհատուցվում է գործող սակագների հաշվին»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ