Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականը՝ որպես թիվ մեկ պատասխանատու

Դեկտեմբեր 27,2011 13:02

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը համոզված է՝ «հեքիաթի տղան» կփրկի հասարակությունը

– Արեւմտյան փորձագետներն անցնող տարին որակում են որպես հեղափոխությունների տարի՝ ներկայացնելով, թե որտեղ ինչ հեղափոխական իրադարձություն տեղի ունեցավ, մինչդեռ Հայաստանում այդպես էլ չի լինում հեղափոխական տարի, եւ ընդդիմությունը, որ շարունակ խոսում է հեղափոխության մասին, այդպես էլ չի կարողանում իրականություն դարձնել խոսքը. Ձեր կարծիքով՝ ի՞նչն է այս անկարողության պատճառը, եւ արդյոք մեր երկիրը չունի՞ հեղափոխության կարիք:

– Լիովին համաձայն եմ արեւմտյան փորձագետների տեսակետի հետ, որովհետեւ կան նաեւ ակնհայտ փաստեր, եւ եթե գնահատելու լինենք՝ 2011-ի համաշխարհային քաղաքական իրադարձությունների տեսակարար կշիռը բաժին է ընկնում հեղափոխությունների ալիքներին եւ դրանցով պայմանավորված զարգացումներին: Ըստ էության, պայմանականորեն «արաբական» անվանված գարունը բավական շատ երկրներ ներքին ցնցումների ենթարկեց, եւ միաժամանակ նաեւ ավանդական եւ երկարաժամկետ իշխանություն ունեցող դինաստիաները զրկվեցին իշխանությունից: Այդ ամենը պայմանավորված էր արաբական երկրներում ժողովրդավարության երրորդ ալիքով, եւ դրանք ավելի շատ ոչ թե սոցիալական, այլ իրավական բնույթ ունեին: Չի բացառվում, որ այդ ալիքը հետագայում շարունակություն ունենա բոլոր այն երկրներում, որտեղ տոտալիտար կամ միահեծան իշխանություն է իրականացվում: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, թե ինչու է շրջանցվում Հայաստանը, ապա այդ հարցին բազմիցս առիթներ եղել են պատասխանելու, եւ պատասխանը հստակ է. որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ներքին կայունության եւ ամրության տեսակետից որեւէ կերպ չի կարելի համեմատել այն երկրների հետ, որտեղ հեղափոխություններ են տեղի ունենում: Հայաստանում ժողովրդավարական նորմերը եւ ընդհանուր չափորոշիչներն ամբողջությամբ ներառված են, տեղի են ունենում սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, եւ ի վերջո՝ Հայաստանի հասարակությունը իր տեսակով եւ էությամբ մնում է որպես ավանդապահ հասարակություն, եւ իշխանության կողմից իրականացվող քաղաքականությունը միշտ էլ վայելել է հասարակության մեծամասնության աջակցությունը:

– Ավանդապահ հասարակություն չի նշանակում, չէ՞, իշխանություն սիրող հասարակություն: Խնդիրներ կան, չէ՞, իշխանություն-հասարակություն հարաբերություններում:

– Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետություն եւ իշխանություն հասկացությունները այլ պատկեր եւ այլ նկարագիր ունեն, դրանք ոչ թե միանձնյա կամ հասարակության պահանջները չբավարարող իշխանության որակ ունեն, այլ հակառակը՝ ժողովրդավար, կոլեգիալ կառավարման եւ հասարակության մեծամասնության աջակցության հիման վրա կառուցված իշխանության:

– Ռուսաստանում տեղի են ունենում բազմամարդ հանրահավաքներ, եւ ռուսաստանյան հասարակությունը խիստ պահանջներ է ներկայացնում, իսկ մենք սիրում ենք ասել, որ այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, անմիջականորեն ազդում է մեր իրականության վրա, ուրեմն, ռուսաստանյան այս զարգացումները ինչպե՞ս կամ ե՞րբ են ազդելու մեր երկրի վրա: Մանավանդ՝ հայաստանյան խորհրդարանական ընտրություններն արդեն սարերի ետեւում չեն:

– Չեմ ուզում ներքաղաքական զարգացումները մեկը մյուսով պայմանավորել, աշխարհաքաղաքական առումով փոփոխություններ չեն լինի, որովհետեւ հայ-ռուսական հարաբերությունները շահերի տեսակետից անփոփոխ են, եւ դրանք ռազմավարական փոխհարաբերություններ են: Իսկ այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, այդ երկրի ներքին գործն է, եւ դրանք որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ հայաստանյան քաղաքական գործընթացների վրա: Յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր հասարակություն, կախված ժամանակներից եւ հասարակական տրամաբանությունից, նախընտրական գործընթացներում որոշակի ակտիվություն է դրսեւորում: Ես կարծում եմ, որ այդ ակտիվության դրսեւորման հետեւանք են նաեւ ռուսաստանյան հետընտրական գործընթացները:

– Իսկ Հայաստանում հավանաբար խորհրդարանական ընտրությունները սովորականից ավելի բարդ կլինեն, որովհետեւ անմիջապես են նախորդում նախագահական ընտրություններին, եւ հետո՝ կարծես թե ընդդիմադիր մրցակիցների պակաս իշխանական ուժերը չունեն, այսօր բավականին շատ ընդդիմադիր ուժեր կան:

– Յուրաքանչյուր ընտրություն բարդ գործընթաց է ինքնին, եւ ճիշտ չի լինի ասել, որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը հեշտությամբ կանցնեն ընտրական գործընթացների միջով: Ընտրությունները սեփական ուժերը եւ կարողությունը վերաարժեւորելու եւ գնահատելու յուրօրինակ գործընթաց են, եւ կոնկրետ Հանրապետական կուսակցության համար չեմ կարծում՝ խիստ բարդ կամ խիստ դժվար կլինի, բայց որպես թիվ մեկ պատասխանատու՝ մեզ համար ամենակարեւորը մնում է ոչ միայն մեր ունեցած մեծամասնությունը պահպանել եւ ավելացնել, այլեւ ամենակարեւորն է՝ այդ խնդիրը լուծել լավագույն ընտրությունների միջոցով: Եվ այժմ քաղաքական ու հասարակական ընկալումները տարբերվում են նախորդ ընտրություններում եղած ընկալումներից, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքացու մոտ ավելի է բարձրացել գիտակցությունը ընտրության նկատմամբ, փոխվել է վերաբերմունքը: Ընտրությունները քաղաքացու համար նոր սպասելիքներ են, եւ ես վստահ եմ, որ այս սպասելիքների իրականացումը մեր հասարակությունն ակնկալում է իշխող քաղաքական ուժից եւ ոչ թե ընդդիմությունից:

– Եկող տարին, ըստ արեւելյան օրացույցի, համարվում է Վիշապի տարի, իսկ վիշապը, մեզ հայտնի է հեքիաթներից, նստում է ջրի գլխին եւ մարդկանց զրկում ջրից, գալիս է հեքիաթի լավ տղան եւ ազատում է ջուրը. Ձեր կարծիքով՝ քաղաքական ուժերը ի՞նչ են ակնկալելու Վիշապի տարուց:

– Վիշապը նախ՝ ուժի եւ շքեղության խորհրդանիշ է, եւ հեքիաթներն իրենց մեջ առաջին հերթին բարություն են պարունակում: Եվ եթե Վիշապի տարին փորձի դժվարություններ ստեղծել, ապա, կարծում եմ, մեր քաղաքական ուժերը հենց այն հերոսի դերում են լինելու, որի ջանքերով հաղթահարվելու են դժվարությունները:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031