Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեք չէի սպասում

Դեկտեմբեր 27,2011 12:59

Սրտի խոսք՝ նախկին ընկերոջը

Միանգամից պետք է ասեմ՝ Զուրաբյան Արարատի վերջին հարցազրույցներն անսպասելի էին ինձ համար: Անկեղծ եմ ասում. սրտի ցավով կարդացի դրանք: Հարցազրույցներ՝ Հայոց համազգային շարժման ու Հայ ազգային կոնգրեսի դեմ:

Ափսոսում եմ:

Ամենեւին էլ էմոցիոնալ թող չհնչի, եթե ասեմ, որ իմ նախկին ընկեր Արոյից երբեք չէի սպասում այն, ինչ անում է այսօր: Չէի սպասում, որովհետեւ ինձ թվում էր՝ տեւական ժամանակ շփվելով նրա հետ՝ հասցրել եմ ճանաչել նրան: Ըստ այդմ էլ՝ Արոյին հայտնի դեպքերից հետո մշտապես համարել եմ մոլորյալ, մոլորյալ, որն ընկել էր «քարհանքի ագենտի» ազդեցության տակ:

Իմիջիայլոց ասեմ. «Քարհանքի ագենտը» գործում է անշեղորեն. ՀՀՇ-ում եղած տարիներին նա հմտորեն «տակից» էր աշխատում նույն ՀՀՇ-ի դեմ ու երբեք անձամբ չբարձրաձայնեց որեւէ խոսք: Նույնն այսօր է՝ «քարհանքի ագենտը» ՀՀՇ-ին ու Կոնգրեսին վարկաբեկելու համար օգտագործում է Արոյին, իսկ ինքը չի խոսում՝ ոչ մի բառ: ՀՀՇ-ում ներդրված ժամանակահատվածում իր տերերից սովորել է՝ ինչպես էին իրեն օգտագործում, ու հիմա նույնկերպ օգտագործում է իր «ընկերոջը»՝ նրա նախկին թիմի դեմ:

Էմոցիոնալ թող չհնչի, սակայն համառորեն չեմ ուզում հավատալ, որ Արոն այս ամենն անում է գիտակցված: Բայց նրա՝ իրար հաջորդող այս հարցազրույցները գնալով ավելի են հիմնավորում պնդումները, որ Արոն եւս գործում է նախագծված սցենարի համաձայն:

Չեմ ուզում հավատալ, որովհետեւ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր մարդը, որն իր գիտակցական կյանքի մեծ մասն անցկացրել է ՀՀՇ-ում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում, այն էլ՝ ոչ թե շարքային անդամի կարգավիճակում, այլ եղել է վարչության անդամ, վարչության փոխնախագահ, հետո նաեւ՝ ութ տարի շարունակ վարչության նախագահ, իրեն նման բան է թույլ տալիս: Մարդ, որը որպես մարդ կայացել ու ձեւավորվել է ՀՀՇ-ում, հիմա պայքարում է նույն ՀՀՇ-ի դեմ: Այն թիմի, որտեղ ինքը եղել է ամենածանր տարիներին, երբ ՀՀՇ-ն հայտնվել էր գիշատիչ մեքենայի հալածանքի ճիրաններում:

Դեռ ուզում եմ հավատալ, որ այդ իմ նախկին ընկեր Զուրաբյան Արոն չի ասել, թե ՀՀՇ-ն հայտնվել է Սերժի գրպանում: Ուզում եմ հավատալ, որ իմ նախկին ընկեր Զուրաբյան Արոն ինչ-որ ակնարկներ չի արել Լեւոն Տեր-Պետրոսյանի ու իր ավելի քան քսան տարվա ընկերների, Մանուկյան Արամի հասցեին, այլ նրա հարցազրույցից ինձ մոտ է սխալ տպավորություն ձեւավորվել: Ուզում եմ անկեղծորեն հավատալ, որ երբ Զուրաբյան Արոն խոսում էր «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագծի մասին, այդ համատեքստում Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Մանուկյան Արամի հասցեին ակնարկները պարզապես չար կատակ էին: Ուզում եմ հավատալ, բայց ավաղ:

Տեսնես հիմա իմ նախկին ընկեր Արոն հիշո՞ւմ է մեր կենացը, որ ՀՀՇ-ն տեսակ է, ու խմում ենք այդ տեսակի համար: Տեսնես հիմա Արոն հիշո՞ւմ է, թե ժամանակին ինչպես էր հպարտանում, որ ինքն առաջինն էր խոսել Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին: Տեսնես հիմա նա հիշո՞ւմ է Լեւոնի՝ հասարակ թղթից պատրաստած այն ինքնաթիռը, որ հիմնադիր նախագահը հենց այնպես, ձեռքի հետ սարքել էր Արոյի հետ քննարկման ժամանակ, ու այդ օրն էլ նրան հայտնել էր վերջնական մտադրության մասին. վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Արոն այդ ինքնաթիռը պահել էր որպես հուշ… Տեսնես հիմա այդ ինքնաթիռին նայելիս ի՞նչ է զգում… իմ նախկին ընկեր, մոլորյալ Արոն…

***

Եվս մի փաստ. իր հարզացրույցներում Արոն ու «ազատիչի դեմոկրատների» թիմը սկսել են հաճախ հիշատակել Վանոյի խոսքերը: Օգտվելով Վանոյի բացակայությունից՝ նրա խոսքերը մեկնաբանում են՝ ինչպես ուզում են: Ու տալիս են Վանոյի անունը՝ պատեհ, անպատեհ… իսկ տեսնես Արոն հիշո՞ւմ է Վանոյի՝ 2006թ. «Հայկական ժամանակ»-ին տված հայտնի հարցազրույցը, որտեղ նա ասել էր. «ՀՀՇ-ն, որպես կազմակերպություն, փաստորեն, չկա: Համենայնդեպս հեռվից ինձ այդպես է երեւում…»: Ի դեպ, այդ ժամանակ ՀՀՇ վարչության նախագահը իմ նախկին ընկեր Զուրաբյան Արարատն էր: Տեսնես Արոն հիշո՞ւմ է Վանոյի՝ արդեն 2010թ. նամակը. «Արո, մի խանգարիր Լեւոնին: Լեւոնը ՀՀՇ նախագահն է, ես ու դու՝ նրա տեղակալները… Եթե Հայ ազգային կոնգրեսն այլեւս չլինի, երկար տարիներ Հայաստանն ընդդիմություն չի ունենա: Մի ծանրացրու առանց այն էլ իմ ծանր վիճակը»…

***

Վերջում կուզեի ասել. Արարա՛տ, սթափվիր… կանգ առ մի պահ… սթափվիր, առանց այն էլ՝ անցել ես ռուբիկոնը: Բայց ետդարձի ճանապարհ դեռ կա, դեռ կամուրջները վերջնականապես չեն այրվել ու չեն այրվի, քանի դեռ հիշում եք իրար հետ անցած ճանապարհը՝ 20 տարի շարունակ: Խոսքս ՀՀՇ վերադառնալու մասին չէ: Դա թողնում եմ քո խղճին: Այլ՝ կանգ առ ու դադարեցրու այն, ինչ անում ես Կոնգրեսի ու ՀՀՇ-ի դեմ: Սթափվիր, այդ դեպքում կարծում եմ՝ քո ընկերները կներեն քեզ: Որովհետեւ դուք իրար հետ ճանապարհ եք անցել, ծանր օրեր անցկացրել, որովհետեւ՝ ՀՀՇ-ն տեսակ է, ՀՀՇ-ն տոլեռանդ է (ի դեպ, «տոլեռանդ» բառն էլ քեզնից եմ սովորել): Ու կներեն նրանք, որովհետեւ անչափ ներողամիտ են…

Արո, մի ծանրացրու քո՝ առանց այն էլ վատ վիճակը: Ափսոս ես: Մենք այս երկրում, այս քաղաքում դեռ ապրելու ենք ու մի օր կհանդիպենք իրար, արա այնպես, որ իրար տեսնելիս չթեքենք գլուխներս ու գլխիկոր անցնենք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Գ. Խնդրում եմ սա ընդունեք բացառապես որպես այս ամենի համար մտահոգ քաղաքացու կարծիք, սրտի խոսք:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031