«Մենք գտնվում ենք ոչ ճիշտ աշխարհագրական ժամային գոտում: Մեր ժամային գոտին պետք է համապատասխանի Մոսկվայի եւ Եվրոպական ժամանակին եւ վերանան ամառային եւ ձմեռային 1-ժամյա տեղաշարժերը»,-այսօր ասուլիսում նման մտահոգություն հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Նախարարության նոր դահլիճում հրավիրած մամուլի ասուլիսում պարոն Դավթյանն ամփոփեց իրենց ոլորտի այս տարվա արդյունքները: Նա ընդհանուր առմամբ, անցնող տնտեսական տարին համարեց հաջողված. «Այս տարի տնտեսության բոլոր ոլորտներում լավ արդյունքներ ենք գրանցել, բացառություն է կազմում միայն շինարարության ոլորտը: Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5%: Սա այն ցուցանիշն է, որով գնահատվելու է երկրի զարգացումը: Արդյունաբերության ոլորտում բավականին դինամիկ աճ է կա՝ 130-140% արդյունաբերության արտադրական աճ»:
Նախարարի խոսքերով, այս տարվա ընթացքում մշակվել եւ կառավարության հավանությանն են արժանացել 11 ընկերության ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ 53.2 միլիոն դրամ. «Նշված ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ստեղծել նոր աշխատատեղեր»:
Այն հարցին՝ եթե ընդհանուր առմամբ տնտեսական աճ է գրանցվել, ապա ինչո՞ւ են մեր գործարարները գնում այլ երկրներում իրենց բիզնեսը ծաղկեցնելու՝ Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ բոլոր գործարարներն էլ ցանկանում են իրենց բիզնեսն ընդլայնել եւ կարող են տեղափոխվել:
Կարդացեք նաև
Այն դիտարկմանն էլ, որ վիճակագրական տվյալներով մեր երկրում աղքատության տոկոսն աճում է՝ նրա պատասխանը դիտեք տեսանյութում:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ