Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա վերջին երեքշաբթին

Դեկտեմբեր 27,2011 12:37

Տարին անցնում է, հեռանում է, մաշվում է, ուզենք թե չուզենք, սպասեք թե չսպասենք, ամփոփենք, թե ոչ, նախապատրաստվենք, թե ոչ, պատրաստ լինենք թե՝ ոչ: Տարին անցնում է հեռանում, գնում, մաշվում:

Այսօր 2011-ի վերջին երեքշաբթին է: Եկողը կլինի նոր՝ 2012-ի առաջին երեքշաբթին, շարունակականությունը հենց այսպես է լինում եւ ոչ թե ճառերով կամ կարգախոսներով: Տարին սուսուփուս , անաղմուկ անում է իր գործը: Էդ մենք ենք, որ աղմկում ենք, իրար ենք անցնում:

Էս մաշված տարվա շուրջ ստեղծել ենք համատարած սխտորահոտ, համեմված օղու եւ դեռեւս չփչացած մրգերի բույրով եւ եւ մեզ համոզում ենք, թե տարի հենց այսպես են ճանապարհում: Տարին մեզ հետ գլուխ չի դնում, մեխանիզմն աշխատում է անխափան, տիկ-տակ, տիկ-տակ: Մտքերը բթանում են վազքի մեջ, բոլոր գործերը հասցնելու գլխացավանքի մեջ:

Միտք չկա, եղածը մղձավանջի պես է՝ երբ է վերջանալու էս Սոդոմ-Գոմորը եւ մի պահ դադար ե՞րբ ենք առնելու:

Ամեն իրիկուն տոնածառի լույսերը վառում եւ նստում եմ այդ լույսերի դեմ-դիմաց: Մտքեր չկան, կան միայն անորոշ պատկերներ: Որքա՛ն ենք հեռացել մենք մեզնից, էս ո՞ւր ենք հասել եւ ո՞ւր եք գնում այսպես վազքով, հեւիհեւ:

Տարին հեռանում է եւ տարվա վերջին երեքշաբթին ինքն իրեն նման չէ, մի տեսակ տրամպլինի (հայերեն կարծեմ սա ցատկահարթակ է կոչվում, բայց դա չէ կարեւորը) է նման, մենք էլ լողորդների պես բարձրացել ենք դրա վրա եւ փորձում ենք ընկնել: Ով ասես կընկնի, ընկնելու համար մեծ խելք պետք չի: Բոլորս դատապարտված ենք ընկնելու, անգամ նրանք, ովքեր իրենք իրենց ներշնչել են, թե բարձրանում են, միեւնույնն է, էլի ընկնում են:

Իսկ ընկնելու համար խելքը պետք է գալիս, խելքը պետք է գալիս, երբ ուզում ես լավ ընկնել, փափուկ տեղերիդ վրա, եւ եթե փափուկ տեղ չի մնացել, ստիպված ես տնքալ ոսկորներիդ խշխշոցից:

Դե՝ տնքա, ընկիր, լողա, արա ինչ ուզում ես: Կարո՞ղ ես, իհարկե՝ ոչ:

Առաջինը թող քար նետի նա, ով տարվա վերջին երեքշաբթի օրն անում է այն ինչ ինքն է ուզում, անձամբ ինքը, իր «ԵՍ»-ը, իր «ԷԳՈ»-ն: Չկա էդ Մարդը , անգամ տոնածառի լույսերը քեզ չեն օգնի գտնել այդ Մարդուն:

Մարդը չկա, կան գործեր, վազք, հարայ-հրոց, ինչ-որ խուճապ եւ հոտեր, հոտեր հոտեր, դրանք անգամ բույր չես կոչի, այնքան են միախառնված:

Տարվա վերջին երեքշաբթի օրը բոլորը շտապում են, եւ հուսամ, վազքի մեջ նկատեցինք, որ այսօր արեւ կա, ձմռան արեւ, մի տեսակ գարնանային թեքումով: Օրը մռայլ չէ, օրը ինչ-որ խոստումներ ունի իր մեջ, օրը մեզ օրինակ է տալիս, ասում է ժպտացեք, շունչ քաշեք, նայեք ինձ, օրինակ եմ տալիս, վերցեք, արեւն էլ ուղարկել եմ, որ աչքներդ բացվի, տեսնեք լույսը, ձգտեք լույսին:

Տարվա վերջին երեքշաբթին ժպտում է եւ արդեն լավ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031