Լրահոս
Օրվա լրահոսը

Եհովայի վկան դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման. Հայաստանը պետք է հարգի կրոնի ազատության իրավունքը

Դեկտեմբեր 27,2011 12:17

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը դատապարտում են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի 6 ամիս ժամկետով ազատազրկումը։

Նոյեմբերի 28-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Տիգրան Պետրոսյան)  վճռեց Անդրանիկ Մակվեցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը)։

2011 թ. մայիսի 15-ին «Յեհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ Անդրանիկ Մակվեցյանն ու Սամվել Գրիգորյանը քարոզում էին Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտակայքում։ Տեր Եսայի քահանա Արտակ Արթենյանը մոտեցել է նրանց և պահանջել է հեռանալ եկեղեցու մոտակա տարածքից։ Արդյունքում ծավալվել է վիճաբանություն քահանայի և Անդրանիկ Մակվեցյանի միջև։

Մայիսի 17-ին քրեական գործ է հարուցվել և Անդրանիկ Մակվեցյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (ծեծը), 322 հոդվածի առաջին մասով (ինքնիրավչությունը) և 137 հոդվածի առաջին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը): Սակայն մեղադրողը հոկտեմբերի 21-ին փոփոխել է մեղադրանքի ծավալը և ավելացրել ևս մեկ մեղադրանք՝ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը մեղավոր ճանաչեց Անդրանիկ Մակվեցյանին ՀՀ քր. օր. 143-րդ հոդվածի 1-ին մասով։

Ըստ դատավճռի՝ Անդրանիկ Մակվեցյանն իր գործողություններով խախտել է ՀՀ սահմանադրության 8.1. (պետություն-եկեղեցի հարաբերություններ) և 14.1 (քաղաքացիների իրավահավասարությունը) հոդվածներում ամրագրված իրավունքները և ազատությունները։ Դատարանը իր վճռում նշել է. «Անդրանիկ Մակվեցյանը խախտել է տուժող Տեր Եսայի քահանա Արթենյանի’ եկեղեցու և նրա շրջակա տարածքում քարոզչություն կատարելու, անձանց Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության մեջ ներգրավվելու փորձ կատարելու գործողությունները կանխելու նրա իրավունքը: Այսինքն’ Անդրանիկ Մակվեցյանի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ»։

Մեր կազմակերպությունները գտնում են, որ Սահմանադրության 8.1 և 14.1  հոդվածները կիրառելի չեն գործի փաստերի նկատմամբ։  Ավելին,  ՀՀ Սահմանադրության 8.1 հոդվածը կարգավորում է պետություն – եկեղեցի հարաբերությունները, չի նախատեսում որևէ անհատական իրավունք և, հետևաբար, չի կարող խախտվել անհատի կողմից։

Մեր կազմակերպությունները համոզված են, որ Անդրանիկ Մակվեցյանի նկատմամբ կայացված դատավճիռը պայմանավորված է նրա՝ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը պատկանելու հանգամանքով։

Այս դատավճիռը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 26-րդ  և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտում:

FIDH-ը և ՔՀԻ-ն կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝

  • անհապաղ ազատ արձակել Անդրանիկ Մակվեցյանին,
  • ապահովել բոլոր կրոնական կազմակերպությունների և նրանց անդամների՝ իրենց դավանանքն ազատ քարոզելու իրավունքի իրացումը ՀՀ սահմանադրության 26-րդ հոդվածին համապատասխան,
  • ապահովել կրոնի ազատությանն առնչվող դատական գործերի անկախ և անաչառ քննությունը,
  • կրոնի ազատության հարցերում պահպանել չեզոքություն և նպաստել հասարակությունում և կրոնական կազմակերպությունների միջև հարաբերություններում հանդուրժողականության ամրապնդմանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031