Գեղամ Մանուկյան. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական ու լրատվական հաղորդումների պատասխանատու
– Տարին մամուլի համար ինչպիսի՞ն էր:
– Ոչպիսին: Իրականում ոչ մի փոփոխություն չեղավ՝ ոչ լավ, ոչ վատ: Մամուլն էր՝ մեր հասարակությունից կտրված, հասարակությունը՝ իր դարդերով ու ցավերով, մամուլն էլ՝ իր հոգսերով ու մտահոգություններով:
Կարդացեք նաև
– Մամուլն անցնող տարում ձեռքբերում չի՞ ունեցել։
– Ոչ։ Եթե երկրում շատ քիչ ձեռքբերում լինի, մամուլը որտեղի՞ց պետք է ունենա ձեռքբերում։
– Լրատվամիջոցների հիմնական բացթողումը ո՞րն էր:
– Մամուլը քաղաքացուն չներկայացրեց հասարակությանը: Ես կարծում եմ, որ սա է ամենամեծ պրոբլեմը: Մենք ամեն ինչը շատ ընդհանրացված ենք ներկայացնում, բայց կոնկրետ հողագործը, դասատուն, գիտնականը, երիտասարդ ուսանոը, զինվոր ուսանողը չկան մեր մամուլում: Մամուլ՝ նկատի ունեմ հեռուստատեսությունը, էլեկտրոնային լրատվամիջոցները եւ այլն:
– Ինչպիսի՞ն կլինի 2012-ը մամուլի համար:
– Շատ աշխատատար: Վախենում եմ, որ հետընթացի տարի լինի: Ընտրություններ են, իսկ մամուլն արդեն ցույց է տվել, որ ընտրություններին ոչ ազատ է, ոչ անկախ է, ոչ էլ օբյեկտիվ:
Մեսրոպ Մովսեսյան. «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր
– 2011 թվականը մամուլի համար ինչպե՞ս կամփոփեք՝ ձեռքբերումներն ու բացթողումները մատնանշելով:
– Բացթողումները շատ մեծ էին: Բացթողումներից ամենահիմնականն այն էր, որ այդպես էլ չհաջողվեց միախմբվել եւ մեկ դաշտում գործել: Իսկ ձեռքբերումն այն էր, որ այդ ամենը մենք հասկացանք եւ հիմա դրան գնահատական ենք տալիս:
– 2012-ը ինչպիսի՞ն կլինի լրատվամիջոցների համար:
– Ես ենթադրում եմ, որ տարվա սկզբին՝ մինչեւ ընտրությունները, կլինի ուժեղ պայքար, եւ ընտրություններից հետո բոլորը կգնահատեն իրենց կարգավիճակը եւ կվերանայեն իրենց վերաբերմունքը մեր կյանքին:
Բորիս Նավասարդյան. Երեւանի մամուլի ակումբի նախագահ
– Տարին ինչպիսի՞ն էր լրատվամիջոցների համար:
– Ես կարող եմ ասել՝ ոչ դրական, ոչ էլ նոր բացասական բաներ եղան: Հիմնականում ես դժգոհ եմ այս տարուց, որովհետեւ մենք հիմնական քայլը, որ պետք է անեինք, դա, իհարկե, հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենք փոխելն էր: Բոլորի համար պարզ է, որ 2010թ. հունիսին վերջնականապես ընդունված օրենքի փոփոխությունները չեն համապատասխանում այսօրվա՝ այդ ոլորտի զարգացման նպատակներին, թվայնացման գործընթացը արդյունավետ իրականացնելուն: Մենք արագ այդ օրենքի բարեփոխումները չիրականացրեցինք, չնայած եւ միջազգային, եւ տեղական կազմակերպությունների պնդումներին, դա նշանակում է, որ մենք կորցրեցինք ժամանակ հեռարձակող լրատվամիջոցների դաշտը բարելավելու համար: Եվ երկրորդ դժգոհության համար առիթը իհարկե բազմաթիվ դատական գործերն են՝ զրպարտության եւ վիրավորանքի հետ կապված: Հիմնական գործերի դեպքում դուրս են գալիս միջազգային ստանդարտների ժամանակակից մոտեցումներից, այսինքն՝ մենք դիֆամացիայի կարգավորումը՝ եւ օրենսդրական, եւ դատական մակարդակով, շեղեցինք ճիշտ, քաղաքակիրթ, ժամանակակից ուղուց: Եվ շատ ջանքեր պահանջվեցին, որպեսզի ինչ-որ հույսեր առաջանան, որ հետագայում բարելավում լինի: Այս տարի առայժմ մենք բարելավումը չենք տեսնում:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»