Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բրիտանահայ համայնքը նոր դեսպանի հետ մեծ հույսեր է կապում

Դեկտեմբեր 27,2011 11:44

Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը/մեջտեղում/` Հայաստանում Նորին Մեծության դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվսի և Քեթրին Ջեյն Լիչի հետ

Կարինե Ղազինյանը` Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, հասցրել է կապեր հաստատել ոչ միայն բրիտանական տարբեր գերատեսչությունների, այլեւ բրիտանահայ համայնքի հետ. «Արդեն իսկ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, տեղի հայկական կազմակերպությունների հետ, եւ շարունակելու եմ այդ հանդիպումները: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր հզոր համայնքի նպաստը շատ գնահատվի, նրանք էլ ավելի ակտիվ լինեն Հայաստանի հետ կապերում: Երբ անկախ Հայաստանի առաջին դեսպանատունը բացվեց Լոնդոնում, հայ համայնքի մոտ մեծ էնտուզիազմ կար, եւ նրանք տրամադրեցին շենքի այս հատվածը մեր դեսպանատանը: Մենք շատ ենք գնահատում նրանց այն մեծ նպաստը, որ ներդրեցին, եւ այդ բարդ տարիներին մենք ունեցանք մեր անկյունը: Կուզենայի ՀՀ առաջին դեսպանության հիմնադրման քսանամյակի առիթով որոշ աշխատանքներ տանել ավելի մեծ եւ ներկայանալի դեսպանություն ունենալու համար»:

 

Լոնդոնահայ համայնքի անդամները տիկին դեսպանին հրավիրել են ընթրիքի` ճանաչելու եւ ծանոթանալու նպատակով

Ի դեպ, տիկին Ղազինյանի հյուրի կարգավիճակով ներկա եղա լոնդոնահայ Հրաչ Ջեհերյանի տանը տիկին դեսպանի պատվին կազամերպված ընթրիքին, որին ներկա էին պարոն Ջեհերյանի լոնդոնահայ այլ բարեկամներ եւս: Նրանց իրար է կապել Հայաստանում ստացած ուսումը: Տարբեր տարիների Մերձավոր Արեւելքի տարբեր երկրներից Լոնդոնում բնակություն հաստատած մեր հայրենակիցները արդեն տեղյակ էին տիկին դեսպանի «անսպառ եռանդին» եւ «կրակոտությանը»` նրանց այս լուրերը հասել էին իրենց գերմանաբնակ բարեկամներից: Գերմանիայում Կարինե Ղազինյանը 7 տարի եղել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ գերմանահայ համայնքից տիկին դեսպանի կատարած հսկայական աշխատանքների մասին լուրերն արդեն ուրախացրել են անգլիահայ համայնքին, որը դժգոհ էր այն փաստից, որ գրեթե մեկուկես տարի Մեծ Բրիտանիայում Հայաստանը դեսպան չուներ:

Տիկին Ղազինյանն ասաց նաեւ, որ արդեն մի քանի անգամ հանդիպել է ամուսնական զույգի` Ջոնաթան Ջեյմս Էյվսի և Քեթրին Ջեյն Լիչի հետ, որոնք նշանակվել են Հայաստանի Հանրապետությունում Նորին Մեծության Համատեղ Դեսպաններ: Պրն Էյվսն ու տկն Լիչը կստանձնեն իրենց պաշտոնը 2012 թվականի հունվարի 4-ից, եւ 4-ամսյա հերթագայությամբ կլինեն մեր երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանները. «Ես նրանց հետ արդեն մի քանի անգամ հանդիպել եմ, եւ ասեմ, որ մեծ սպասելիքներ ունեմ իրենցից: Կարծում եմ, որ իրենք Երեւանում, ես էլ Լոնդոնում, կանենք ամեն ինչ` երկու երկրների միջեւ հարաբերություններն ակտիվացնելու համար»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լոնդոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031