Լրահոս
Օրվա լրահոսը

Չբռնե՞մ ու ես էլ ամփոփեմ տարին

Դեկտեմբեր 27,2011 00:02

Լրագրողների կողմից հաճախ հնչող հարցեր կան, որոնք տանել չեմ կարողանում: Ամանորի շեմին հատկապես անտանելի են հարցերը, թե ինչպես է այս կամ այն գործիչը նշելու նոր տարին, ով է տանը գնումներ անում, ինչ է պատրաստելու: Ասենք թե բուդ են պատրաստելու՝ ինչպես եւ հայերի մեծամասնությունը (չնայած վերջին օրերին ծավալված բանավեճերին՝ ազգայի՞ն է բուդը, թե՞ ապազգային)  կամ ասենք, թե չեն պատրաստելու, այլ ջրիկ ճաշ են սարքելու կամ նման մի բան: Եվ ի՞նչ: Տեղեկատվական ի՞նչ «լիցք» է պարունակում սույն հարցը կամ դրա պատասխանը:

Չէ, ես իհարկե գնահատում եմ այն լրագրողի հումորի զգացումը, որը մեր օլիգարխներից մեկին հարցրել էր, թե ինչ է սպասում Ձմեռ պապիկից; Թեեւ մշուշոտ կասկածներ ունեմ, որ եթե նա ունի էլ նման սպասելիքներ, ապա հաստատ Ձմեռ պապիկից չեն, այլ առավելագույնը՝ Ձյունանուշիկից: Բայց մեկ է՝ նման հարցերն էլ չեմ սիրում:

Վախենամ, թե բլոգիս այս գրառումից հետո համարվեմ ամանորատյաց, բայց չեմ սիրում նաեւ դրա եւս մի լրագրողական բաղադրատարրը՝ տարվա ամփոփումները: Փոքրումեծ ամեն մի պաշտոնյա իր սրբազան պարտքն է համարում տարվա վերջին ասուլիս հրավիրել ու հայտնել իր հեղինակավոր կարծիքը, թե այս տարի ինչ էր հաջողված, ինչը հաջողված չէր: Ու ի՞նչ: Յանի որ չամփոփեին՝ տարին մնալու էր չամփոփվա՞ծ: Լավ, ասենք, թե տարեվերջին մեզ գրելու նյութը «քչություն է անում», ու գնում ենք այդ ասուլիսներին, բայց դուք, որ լրագրողներից ավելի լուրջ մարդիկ համարվելու հավակնություն ունեք՝ չե՞ք հասկանում, թե որքան անհեթեթ է այդ կարգի ասելիքով հանրությանը ներկայանալը:

Չբռնե՞մ, ու ես էլ տարին ամփոփեմ ու ասեմ, որ սա ինձ համար փոփոխությունների տարի էր՝ փոխեցի գրեթե ամեն ինչ, սկսած սանրվածքից ու հաշվառման վայրից, վերջացրած աշխատանքի բնույթով:

Աշխատանքիս բնույթը փոխելն էլ առիթ տվեց «հայեցակարգային» փոփոխությունների: Որպես խորհրդարանական լրագրող՝ ինձ թվում էր, թե աշխարհը պտտվում է պատգամավորների ու քաղաքական ինտրիգների շուրջ: Մի կողմ թողնենք, որ հիմա համոզվել եմ՝ առավել հետաքրքիր եւ արդյունավետ են քաղաքացիական շարժումները, եւ ոչ թե քաղաքական ուժերը: Առավել եւս՝ որպես առցանց «Առավոտի» խմբագիր ամեն օր հետեւելով, թե որ նյութերն են ամենաշատ ուշադրության արժանանում՝ համոզվում եմ, թե որքան թյուր պատկերացում ունենք մենք մարդկանց իրական հետաքրքրությունների եւ մտահոգությունների մասին:

Մի ապացույցն էլ հենց այսօր ստացանք: Մինչ ողջ մամուլով հեգնում ու ծաղրում էինք կառավարության նախաձեռնությունը՝ անապահովներին երեքական շիշ ձեթ հատկացնելու վերաբերյալ, դրա բաժանման առաջին իսկ օրերն ապացույց դարձան, թե որքան հարկավոր էր թեկուզ այդքանը մարդկանց, որ պատրաստ էին այդ ձեթի համար իրար հայհոյել, մազ քաշել ու հրմշտել:

Կարծես թե լրջացա, ու սկսեցի անել այն, ինչը չեմ սիրում: Սակայն ո՞ւմ է հետաքրքիր տարվա իմ ամփոփումը, բացի հենց ինձնից ու իմ մի քանի ընկերներից:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031