WikiLeaks -ի կողմից գաղտնազերծված եւ Հայաստանին վերաբերող դիվանագիտական գրագրություններից մեկում արձանագրում կար, թե ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը 2008թ. հոկտեմբերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ «Մարտի 1»-ի իրադարձություններից հետո ազատազրկվածների վերաբերյալ օգտագործել է «քաղբանտարկյալ» ձեւակերպումը, ինչը նա իր պաշտոնավարության ընթացքում հետեւողականորեն հրաժարվում էր անել:
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իսկ այսօր Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանն այս օրերին Երեւանում է: Aravot.am-ը նախկին ՄԻՊ-ից հետաքրքրվեց՝ իսկապես նման բան եղե՞լ է, եւ արդյոք ինքն իր պաշտոնավարության ընթացքում էլ այն ժամանակ կալանավորվածներին համարե՞լ է քաղբանտարկյալ: Արմեն Հարությունյանն այս առնչությամբ ասաց. «Հարցեր կան, որոնց վերաբերյալ ամենալավ խոսքը, որ կարող ես ասել՝ այն խոսքն է, որը չես ասել: Ես կցանկանայի որեւէ մեկնաբանություն չանել այս առնչությամբ, որովհետեւ այսօր էլ իմ կարգավիճակն այնպիսին չէ, որպեսզի ես կարողանամ դրա մասին խոսել:
Եթե իրավական տեսանկյունից ես հարցին անդրադառնում՝ իրավական ապացույցներ պիտի բերես: Համենայնդեպս, ես ուրախ եմ, որ իրավական լուծում գտնվեց, եւ ըստ էության՝ այսօր «Մարտի 1»-ի հետ կապված որեւէ մեկն անազատության մեջ չէ. դա շատ կարեւոր է:
Քաղաքական գնահատական տալ չեմ ցանկանում, որովհետեւ ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա ես քաղաքական գործիչ չեմ, բայց բարոյական տեսանկյունից՝ դա շատ կարեւոր էր, որովհետեւ այն ժամանակ կարող էր լիցքաթափել իրավիճակն ու լիցքաթափեց»:
Նախկին ՄԻՊ-ը կարեւորեց, որ հասարակությունն ինքը զգա եւ գնահատի կատարված որեւէ քայլի արդարությունը. «Սոցիալական արդարությունն ամենակարեւոր բանն է. մարդիկ կարող են տնտեսական, նյութական կամ որեւէ տեսակի դժվարությանը դիմանալ, մոբիլիզացվել, եթե գիտեն, որ երկրում սոցիալական եւ ընդհանրապես՝ ավելի լայն իմաստով արդարություն կա: Մարդիկ թեւաթափ են լինում կամ ավելի դժվար են տանում, ոչ թե նյութական դժվարությունները, այլ անարդարությունը: Ես համոզված եմ, որ այն ժամանակ հասարակության ճնշող մեծամասնությունն այդ քայլը (կալանավորվածների ազատ արձակումը-խմբ.) արդար համարեց: Ինձ արդեն չի հետաքրքրում, թե ի՞նչ հիմքեր գտան դա անելու համար: Լավ էր, որ հարցը հանգուցալուծում ունեցավ: Դրանից հետո էր, որ հնարավոր եղավ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը, որը հետխորհրդային տարածքում նոր մշակույթ էր: Կապ չունի՝ այդ երկխոսությունը արդյունք տվե՞ց, թե՞ չտվեց. կարեւորն այն է, որ իշխանությունն ու ընդդիմությունը նստեցին մի սեղանի շուրջ եւ կարողացան խոսել: Հայտարարի չեկան՝ մշակույթի ձեւավորման հիմք դրվեց: Մյուս անգամ էլ կարող են նստել, ու, գուցե, մյուս անգամ հաջողություն գրանցվի: Ընդդիմությունն ու իշխանությունը պիտի օգնեն իրար՝ մեկը մյուսի սխալները գտնելու եւ ցույց տալու համար, որովհետեւ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը ճշմարտության բացարձակ կրողները չեն: Երկխոսությունը ճիշտ էր եւ կարեւոր»:
Կարդացեք նաև
ՀՀ ՄԻ նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի հետ հարցազրույցը կարդացեք առաջիկայում՝ «Առավոտի» տպագիր համարում