Facebook-ի ակտիվիստներին չհաջողվեց համոզել «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր Վալերի-Աշխեն Գործունյանին մնալ Հայաստանում ու շարունակել իր գործունեությունը: Նրանք այսօր երեկոյան ԱԺ «Ժառանգության» պատգամավորների հետ տիկնոջը համոզելու համար այցելել էին «Փարիզյան սուրճ« սրճարան:
Ընկերության հիմնադիրն արդեն վաճառել է ընկերությունը եւ առաջիկայում էլ պատրաստվում է վաճառել «Փարիզյան սուրճ» սրճարանն ու ընդմիշտ հեռանալ Հայաստանից: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ արդեն սկսել է բանակցել սրճարանի գնորդների հետ: Նա թեեւ չբացահայտեց գնորդին, բայց վստահեցրեց, որ պաշտոնյաներ չեն եւ նախնական պայմանավորվածությամբ էլ նոր գնորդը պահպանելու է սրճարանի տեսքն ու աշխատակազմը: Նա հերքեց այն տեղեկությունները, թե սրճարանը ցանկացել է գնել ՀՀ նախագահի կինը՝ Ռիտա Սարգսյանը:
Տիկին Գործունյանը հեռանում է Հայաստանից նեղացած. «Անուղղակի ձեւով ամեն ինչ արեցին, որ ես հեռանամ հայրենիքից: Խնդիրներ եմ ունեցել արդարադատության ու հարկային մարմնի հետ: Ցավով եմ հեռանում, երրորդ երեխայիս եմ այստեղ թողնում: Այս 16 տարիների ընթացքում, ինձ հոգեպես շատ են ճնշել, վախեցրել… պարզապես անուններ չեմ կարող տալ»:
Տիկին Գործունյանից հետաքրքրվեցինք, արդյոք դիմե՞լ է Ոստիկանություն՝ իրեն ճնշելու համար: Նա ասաց՝ այո, բայց գործին անձամբ չի ցանկացել ընթացք տալ: Նրա խոսքերով, Հայաստանում տնտեսական համակարգը սխալ է կառավարվում. « Պետությունը չի աջակցում հարկատուներին, բարձր հարկեր, չարդարացված տուգանքներ… այսպիսի փոքր տնտեսություն ունեցող երկրում նման տնտեսական քաղաքականությունն անթույլատրելի է, վիճակն էլ չի փոխվում՝ գնալով վատանում է»:
Կարդացեք նաև
Նա մասնավորապես անդրադարձավ նախորդ տարի կուտակված 80 միլիոն դրամ պարտքին, որն, ըստ իր փաստարկների, կուտակվել էր «Փարիզյան սուրճի» հետ համագործակցող ընկերության հաշվապահական կազմի մեղքով ու կրկնապատկվել էր մարման ժամկետը դեռ չավարտված. «Հարկային արտոնություն չտվեցին: Եթե գնայի Ֆրանսիայի հարկային մարմնին ասեի՝ ինձ ժամանակացույց տվեք, կտային, իսկ այստեղ ամեն օր 1,5 տոկոսով ավելանում էին հարկերը»:
Տիկին Գործունյանից հետաքրքրվեցինք՝ կապ տեսնո՞ւմ է իր ու վերջերս նաեւ «Նարեկացի» մշակույթի կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարթունյանին հետ կատարվածի միջեւ. «Կդժվարանամ պատասխանել, բայց հնարավոր է նաեւ ինչ-որ կապ կա սփյուռքահայ գործարարների դեմ, համենայնդեսպ, սփյուռքահայերին կանչում են Հայաստան ներդրումներ անելու համար ու չեն աջակցում: Սա կխանգարի նոր ներդրումներին Սփյուռքից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ