Այսօր Գյումրու «Քութաիսյան» կոչվող խանութում սկսել էին բաժանել անապահով ընտանիքների համար նախատեսված կառավարական ձեթը, որն էլ դարձել էր կռվի ու մարդասպանության բույն: Այնպիսի մի հերթ էր գոյացել, որ նման բան հնարավոր չէր տեսնել նույնիսկ ցուրտ ու խավար տարիներին. այն ոչ սկիզբ ուներ, ոչ էլ վերջ եւ ուղեկցվում էր ամենավերջին այլանդակ հայհոյանքներով, միմյանց մազ քաշելով ու հրմշտելով:
Ցավն այն է, որ հերթ կանգնողների մեջ կային նաեւ հենափայտով ծերեր, որոնք լրագրողներին տեսնելուն պես խնդրում էին սոցծառայությունում ծանոթ գտնել, որպեսզի իրենց արտահերթ հատկացնեն: Օրինակ` ծերերից մեկը` Սոնիկ Գեւորգյանը, արցունքներն աչքերին, մեզ առանց չափազանցության աղաչում էր` իր համար բարեխոսել, քանի որ անկողնում գամված քրոջը տանը մենակ է թողել ու չի կարող անգամ խցկվել հերթի մեջ:
Հերթ կանգնածները պնդում էին, որ վաղ առավոտից շտապօգնության մեքենաները հերթափոխում են մեկը մյուսին, ծերերը հերթով վատանում են ու ստիպված բժիշկ են կանչում: «Առավոտ 8-ից էստեղ կանգնած ենք, սա շնո՞րհք է, սա բարեգործություն անելու ձե՞ւ է, չեն հասկանում, որ բարին գնաց, մնաց` գործությունը: Ամեն մեկիս 3 շիշ ձեթ են տալիս ու քթից բերում: Քանի՞ օր կանգնենք: Չէ՞ր կարելի թոշակի հետ ձեթն էլ բաժնեին: Բա ծերերը մեղք չե՞ն, էս ցրտին–կրակին, սառույցին ո՞նց կանգնեն: Կամ թե մեռնելի՞ք է, թող սոցապից մի երկու աշխատող ավել ուղարկեն, գործը առաջ տանեն, էս ի՞նչ խուժանություն է»:
Մենք Գյումրի 2 սոցիալական ծառայության ղեկավար Էդուարդ Բաղրամյանից հետաքրքվեցինք, թե հնարավո՞ր չէ բաշխման ձեւը փոխել, անել այնպես, ինչպես առաջարկում են բնակիչները.«Նախատեսված 17 հազարից ավելի լիտր ձեթը հնարավոր չէ բաժանել փոստային 26 բաժանմունքների վրա՝ դա բավականին բարդ աշխատանք է: Էդ դեպքում մենք պարտավոր ենք 26 բաժանմունքներում համապատասխան տրանսպորտային միջոցներ ապահովել, համապատասխան մարդաքանակ, ուժ, իսկ դա բավականին ծավալուն աշխատանք է: Մենք ընտրել ենք ամենակարճ ու արագ ճանապարհը, ունենք ազատ մեկ խանութ եւ այնտեղ ենք բաժանում»:
Ըստ պաշտոնյայի, ձեթ բաժանելու համար իրենք չեն կարող ավելացնել նաև սոցապ աշխատակիցների քանակը, վերջիններիս ձեթի խանութ ուղարկում են հերթափոխով, որպեսզի չպարալիզացվեն փաստագրման աշխատանքները:
Կարդացեք նաև
Էդուարդ Բաղրամյանի տեղեկացնելով, նախատոնական ձեթը նախատեսված է հատկացնել մոտ 10 հազար ընտանիքի: Պաշտոնյան, որը եւս ցնցված էր ձեթի հերթում հնչող հայհոյանքներից՝ հայտարարեց, որ դրանց տրամադրումն անժամկետ է, հետեւաբար, ըստ նրա, այն մարդիկ, որոնք դրա առաջնահերթ կարիքը չունեն, ճիշտ կանեն հերթը տան ընչազուրկներին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի