Այսօր Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողների տարեվերջյան ցուցահանդեսն էր:
Ուսանողները ցանկացել էին հանրությանը ներկայցնել իրենց աշխատանքները և ղեկավարի օգնությամբ կազմակերպել էին միջոցառում:
Մասնակիցներից 2-րդ կուրսեցի Արմինե Հարությունյանը սիրում է ստեղծագործել ազատ ոճում` աբստրակտ. «Ներկայացրել եմ մոզաիկա` աշխատանք կավով հայելու վրա, վերջում գունավորել այն ակրիլով: Սիրում եմ ստողծագործելու ամբողջ ընթացքը.. սկզբում թղթի վրա էսքիզն եմ անում, ձեռք բերում համապատասխան նյութերը և սկսում աշխատանքը: Չնայած պլանավորելուն` ընթացքում նաեւ իմպրովիզներ եմ անում, ինչն էլ ստացվում է ինքնաբուխ»:
Արուսիկ Ասլանյանը, ով 19 տարեկան է, ներկայացրել էր իր վեց աշխատանքները` «Իմ քաղաքը», «Կին և տղամարդ» թեմաներով: Աշխատանքները դեկորատիվ արվեստի ձևով էին արված: Ասում է, որ գույների ընտրությունն անում է ըստ տրամադրության: «Հատուկ չեմ պատրաստվում նկարելուն, գալիս է մի պահ, երբ զգում եմ դրա կարիքն ու սկսում ստեղծագործել, ինձ դուր է գալիս իմ մտքերի և երեւակայության ազատությունը, որը ես պատկերում եմ իմ աշխատանքներում»:
Հետաքրքիր էին նաև 18 տարեկան Միրաքյան Տաթևիկի գործերը` «Ավետում» և «Հավիտենություն» խորագրերով: « Լավ է, երբ ստեղծագործողն ունենում է իր ուրույն ձեռագիրը: Իմ աշխատանքներին նայելով՝ կարելի է հասկանալ և զգալ դրանք յուրովի, ամենքն իր երեւակայության շրջանակներում»:
Նա ցուցահանդեսը համարում էր հաջողված: «Ուրախալի է այն փաստը, որ մարդիկ հետաքրքրված են այսօրինակ միջոցառումներով»:
Դիզայնի դասախոս Վարդանուշ Ղազարյանն էլ ավելացրեց, որ գովելի է իր ուսանողների ոգեւորությունն ու պատրաստակամությունը` ներկայանալու հանրությանը: « Երիտասարդները ներկայացրել են իրենց մեկ տարվա աշխատաքները: Կարծում եմ՝ սա նաև ստիմուլ է հետագայում ստեղծագործելու համար: Ցուցահանդեսը նկարչի համար ուրախություն է, իր ամբողջ աշխատանքի վերջնական արդյունքը»,- ասում է նա:
Լիլիթ Շարբաթյան